Հանրագիտարան

Սիրանույշ

Հայ թատրոնի ամենախոշոր դեմքերից մեկը`  `   Սիրանույշը (1857թ. մայիսի 25 - 1932թ. հունիսի 10), սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում: 1873թ.-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874թ.-ից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա`   Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»:
1878թ. Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր: 1879-1881 և 1891-1892 թթ.-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում: Ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ:
 
1881թ. մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882թ. կրկին հրավիրվել է Ս. Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս, հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաճյան, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ: 
 
1895թ.-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում: 1897թ. նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում`   ողբերգական դերերով:
 
Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիր, «Համլետ») դերը (1901թ., Թիֆլիս): Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը») և այլն:
 
Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են: Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի քաղաքներում:
 
1912թ. Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ: 1918-1921թթ. շրջագայել է Պարսկաստանում, 1922թ. հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում: 
 
Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932թ.-ին Ալեքսանդրիայում Մարգարիտ Գոթիեի դերով: Մահացել է տունդարձի ճանապարհին: Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր: Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության: Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել XX դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: