Հանրագիտարան

Պիտեր Պաուլ Ռուբենս

Ֆլամանդացի նկարիչ, բարոկկո ոճի գեղանկարչության ֆլամանդական դպրոցի հիմնադիր Պիտեր Պաուլ Ռուբենսը ծնվել է 1577թ.-ի հունիսի 28-ին: Ռուբենսի մանկությունն անցել է Զիգենում, ապա Քյոլնում: Հոր մահից հետո`   1589թ., մոր հետ տեղափոխվել է Անտվերպեն: Սովորել է լատինական դպրոցում, ստացել լիարժեք հումանիտար կրթություն: Նկարել է վաղ տարիքից:

1591-1598թթ.նկարչության դասեր է առել Տոբիաս Վերհահտից, Ադամ վան Նոորտից և Օտտո վան Վենից: 1600-1608թթ. եղել է Իտալիայում (Հռոմ, Մանտուա, Ջենովա), որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի, Տիցիանի ստեղծագործությունները: 

Որոշ ժամանակ ապրել է Մանտուայում, դարձել դուքս Վինչենցո Գոնզագայի պալատական նկարիչը: Դուքսը դիվանագիտական հանձնարարությամբ Ռուբենսին ուղարկել է Իսպանիա, որտեղ նկարիչը նաև ուսումնասիրել է Պրադո թանգարանի հավաքածուն: 
 
1605թ.-ից Հռոմում ստեղծել է մի շարք դիմանկարներ և նկարներ Սանտա Մարիա ին Վալիչելլա եկեղեցու համար: Ռուբենսը վերադարձել է Անտվերպեն արդեն որպես հայտնի նկարիչ: Վաղ շրջանի որոշ գործերում նկատելի է նրա հասուն ոճի նորարարական ոգին («Դուքս Լերմի դիմանկարը», 1603թ., և այլն):
 
Անտվերպենում եղել է Ֆլանդրիայի կառավարիչ Իզաբել Ավստրիացու պալատական գլխավոր նկարիչը: Ստեղծել է «Խաչելություն» (1610թ.), «Խաչից իջեցնելը» (1611-1614թթ.), «Ահեղ դատաստան» (2 տարբերակ, մոտ 1615-1616թթ. և մոտ 1618-1620թթ.) կրոնական թեմաներով մոնումենտալ նկարները:
 
Նրա ստեղծած դիմանկարներին («Ինքնանկար՝ Իզաբել Բրանտի հետ», 1609թ.) և դիցաբանական պատկերներին («Պերսևս և Անդրոմեդա», մոտ 1620-1621թթ.) բնորոշ է գունագեղ կոլորիտը: Ռուբենսը նաև բնանկարի վարպետ է՝ «Քար փոխադրողները» (մոտ 1620թ.), «Ծիածանով բնանկար» (1636թ.), «Ստենի դղյակը» (1637թ.) և այլն:
 
Նա Անտվերպենում կառուցած (1611-1618թթ., 1947թ-ից նկարչի թանգարանն է) իր տան ճարտարապետն է: 1617թ.-ից Ռուբենսի արվեստանոցում նրա էսքիզներով ստեղծվել է մոնումենտալ-դեկորատիվ կոմպոզիցիոն պատկերաշար, որին մասնակցել են նրա աշակերտները՝ Ֆրանս Սնայդերսը, Յակոբ Յորդանսը, Անտոնիս վան Դեյքը:
 
1628թ. Ֆիլիպ IV թագավորը Ռուբենսին հրավիրել է Մադրիդ, որտեղ նկարիչն արտանկարել է Տիցիանի նկարների հարուստ հավաքածուն: 1629թ. մեկնել է Լոնդոն՝ Կառլոս I-ի հետ բանակցություններ վարելու հանձնարարությամբ: 
 
Ռուբենսը նկարազարդել է Լոնդոնի Ուայթհոլ պալատի պաշտոնական ճաշկերույթների սրահի առաստաղը, որի համար թագավորը նրան շնորհել է ասպետի և Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումներ:
 
Նկարչի լավագույն գործերից են նաև «Նիդերլանդների կառավարիչ, արքայադուստր Իզաբելի սենեկապանուհին» (մոտ 1625թ.), «Հելեն Ֆոուրմենը երեխաների հետ» (1635թ.), «Բերսաբե» (մոտ 1635թ.) դիմանկարները, «Մուշտակ» (մոտ 1638-1640թթ.), «Կերմեսա» (մոտ 1635-1636թթ.), «Երեք գեղուհիներ» (1638թ.), «Պարիսի դատը» (1639թ.) և այլ նկարներ:
 
Նկարչի ստեղծագործությունն ազգային արվեստի ռեալիստական ավանդույթների և վենետիկյան գեղանկարչության դպրոցի նվաճումների օրգանական միաձուլումն է: Նա մեծապես նպաստել է ֆլամանդական և եվրոպական գեղանկարչության զարգացմանը:
 
Ռուբենսը հայտնի է նաև որպես գիտնական, հումանիստ, հնէաբան, ճարտարապետ: Ռուբենսի գործերից պահվում են աշխարհի խոշոր թանգարաններում (Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մադրիդի Պրադո և այլն), «Սիլենոսի երթը» նկարի տարբերակը՝ ՀԱՊ-ում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: