Հանրագիտարան

Նաղաշ Հովնաթան

Հայ միջնադարյան բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող Նաղաշ Հովնաթանը Հովնաթանյան ընտանիքի հիմնադիրն է: Ծնվել է 1661թ. Շոռոթ գյուղում (այժմ՝ Նախիջևան): Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես վարդապետի մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Սբ. Թովմա վանքի դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցիչ։ Ն. Հովնաթանի կյանքի մասին միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի ողբն է («Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան»)։

Հակոբի ողբից ենք իմանում Ն. Հովնաթանի ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև կենսագրական մի քանի փաստեր (օրինակ՝ հասարակ դպրից դարձել է «շնորհալի վարպետն իմաստուն», եղել է «քարտուղար տառից հնոց և նորոց»)։ Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ 

 

Ըստ վրացական աղբյուրների՝ նա եղել է Վրաստանի Վախթանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը։ «Գովեմ սրտիվ ուրախական» երգը, նվիրված «Վրաստանի գոզալներին», գրել է վրացական պալատում։
 
Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում են հինգ տասնյակից։
 
Նա գրել է ժամանակի ժողովրդական լեզվով։ Թարմ են բանաստեղծի տաղաչափական հնարանքներն ու պատկերները։ Նա կարողացել է ազգային ավանդական տաղաչափական ձևերին վարպետորեն ներդաշնակել աշուղական բանարվեստի նվաճումները և ստեղծել նորատիպ երգեր։
 
Ինքն է իր բանաստեղծությունների համար ընտրել կամ հորինել եղանակներ և ինքն էլ երգել ու նվագել է դրանք։ Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը առնչվում են Ագուլիսին, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։
 
Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։
 
Որմնանկարչական առաջին աշխատանքերը կատարել է իր ծննդավայրի և Ագուլիսի եկեղեցիներում։ 1679թ.-ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան և նկարազարդել Պողոս Պետրոս, Սբ. Անանիա և Կաթողիկե եկեղեցիները։ 
 
17-րդ դարի վերջին Ն. Հովնաթանը հրավիրվել է Վրաստան, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, ձևավորել Վախթանգ թագավորի նորակառույց պալատը։ Թիֆլիսում նա ունեցել է արվեստանոց, աշակերտներ։ 1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել տաճարը։ Պահպանվել է հատված «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպազիցիայից։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: