Հանրագիտարան

Սանդրո Բոտիչելլի

Վաղ վերածնունդի իտալացի նկարիչ և գրաֆիկ Սանդրո Բոտիչելլին (Ալեսանդրո դի Մարիանո Ֆիլիպեպի, 1445թ. մարտի 1-1510թ. մայիսի 17) աշակերտել է իտալացի նկարիչ Ֆիլիպպո Լիպպիին: Նրա վաղ շրջանի գործերին հատուկ են տարածության պարզորոշ կառուցվածքը, լուսաստվերային հստակ կերպավորումը, ժանրային մանրամասների ընդգծումը («Մոգերի երկրպագությունը», մոտ 1470թ., «Սուրբ Սեբաստիանոս», 1474թ., և այլն):

1470-ական թվականների վերջին Բոտիչելլին սերտ հարաբերություններ է հաստատել Մեդիչի ընտանիքի և նրա շուրջ խմբված հումանիստների հետ: Այդ շրջանի գործերին բնորոշ են յուրահատուկ գունագեղությունը, նրբագեղությունը, քնարականությունը, թախծի և տագնապի տրամադրությունները: Բոտիչելլին անտիկ և այլաբանական թեմաներով ստեղծել է իր առավել նշանավոր «Գարուն» (1477-1478թթ.), «Վեներայի ծնունդը» (մոտ 1483-1484թթ.) նկարները:

 

«Գարուն» նկարի կերպարներին բնորոշ է  բանաստեղծականությունը: «Վեներայի ծնունդը» կտավում գեղեցկության աստվածուհու կերպարն իր զգացմունքայնությամբ հիշեցնում է հուզված, ամոթխած աղջնակի, իսկ թափանցիկ, նուրբ գույները յուրահատուկ մեղմություն են հաղորդում նկարին: Քնարականությունը բնորոշ է նաև նրա բազմաթիվ տիրամայրերին. լավագույններից են «Մադոննա դել Մանյիֆիկատ» (մոտ 1482-1483թթ.) և «Մադոննան նռով» (1487թ.) ստեղծագործությունները:
 
1481-1482թթ. Բոտիչելլին որմնանկարներ է ստեղծել Վատիկանի Սիքստինյան կապելլայում («Տեսարաններ Մովսեսի կյանքից» և այլն): Նկարչի ստեղծած դիմանկարներն առանձնանում են արտահայտիչ գծերով և բնորդի ներաշխարհի նուրբ բացահայտումով (Ջուլիանո Մեդիչիի դիմանկարը, 1470-ական թվականներ): 1490-ական թվականներին Բոտիչելլիի արվեստում ի հայտ են եկել բարոյախոսական երանգներ, դրամատիզմ ու կրոնական հուզականություն («Զրպարտություն», մոտ 1495թ.): Պահպանվել են նաև «Աստվածային կատակերգության» համար արված 90-ից ավելի գծանկարներ (1492-1497թթ.):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: