Հանրագիտարան

Յուրի Վարդանյան

Աշխարահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը ծնվել է 1956թ.-ի հունիսի 13-ին Լենինական քաղաքում: 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (1980թ.): Նա բազմակի աշխարհի (1977-1979, 1980-1981, 1983, 1985 թթ.), օլիմպիական (1980թ.), Եվրոպայի (1977-1978, 1980-1981, 1983 թթ.) և ԽՍՀՄ (1977, 1979, 1981 թթ.) չեմպիոն ու գավաթակիր (1976թ.) է:
1978-1981թթ.-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ, սահմանել 43 աշխարհի ռեկորդ (1985թ.): 1980թ.-ին միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400կգ-ի: Մոսկովյան օլիմպիադայում (1980թ.) արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին:
 
1970 թվականից իր հորղեղբոր`   Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով: 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում: 1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր:
 
Իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ Մոսկվայի օլիմպիական խաղերի (1980թ.) ժամանակ: Հանդես գալով 82,5կգ քաշային կարգում՝ նա նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց ռեկորդ`   միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ: 
 
Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի: 1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությանը: Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ:
 
1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել: Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ: Նա մարզել է իր տղային`   Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում:
 
02.04.2009թ. նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
 
2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: