Հանրագիտարան

Ազատագրվեց Շուշին

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985-1991 թթ.) վերստին օրակարգ մտցրեց 1921թ.-ից սկիզբ առած մայր հայրենիքին վերամիավորվելու հիմնախնդիրը:

1991թ.-ի մայիս-հունիսից ԼՂԻՄ-ում սկսվեց հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ: Ղարաբաղյան (Արցախյան) ազատագրական շարժումը հասարակական-քաղաքական շարժում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նպատակով: Ղարաբաղյան պատերազմին մասնակցեցին նաև խորհրդային բանակում հմտացած գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը, Քրիստափոր Իվանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Անատոլի Զինևիչը, Հրաչյա Անդրեասյանը և ուրիշներ: 

 

Զգալի ներդրում ունեցան Արցախի և Հայաստանի կամավորական ջոկատներն ու 5-րդ կամավորական զորամիավորումը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան, հետագայում՝ գեներալ-լեյտենանտ): 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: 
 
Այն ամրապնդվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով: Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին: 1992թ.-ից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացվեց: 1992թ.-ի մարտի 24-ին ԵԱՀԽ-ն ընդունեց որոշում Մինսկում կազմակերպվելիք խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու մասին: 
 
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև ընդունեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կոչ արեց դադարեցնել պատերազմը: Ադրբեջանը, սակայն, ոչ միայն խափանեց հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, այլև պաշտոնապես մերժեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սաստկացրեց ռազմական գործողությունները ռազմաճակատի ողջ երկարությամբ:
 
Հատկապես ծանրացավ իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում, որը մշտապես հրթիռահրետակոծվում էր Խոջալուից, Շուշիից և Աղդամից: 1992թ.-ի ձմեռվանից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) ձեռնարկեցին թշնամու կրակակետերի ոչնչացումը: Փետրվարի վերջերին Խոջալուում վնասազերծվեցին ադրբեջանական կրակակետերը:
 
ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992թ.-ի մարտի 26-ին ստեղծվեց Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ) Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայիսի 8-9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվեց Շուշին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: