Հանրագիտարան

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ 

 

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
 
Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։
 
Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։
 
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։
 
Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։
 
Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: