Հանրագիտարան

Փանոս Թերլեմեզյան

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է 1865թ. մարտի 3-ին Վանում: Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում (1881-1886թթ.): Սուլթան Համիդի բռնությունների դեմ ակտիվորեն պայքարելու համար հետապնդվել է, հեռակա դատվել և պատժից խուսափելու համար մեկնել է Թիֆլիս: 1895-1897թթ.-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897թ.-ին թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է և աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ: 1899-1904թթ.-ին սովորել է Ժյուլիան ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է «Բանվորուհին ջրհորի մոտ» պատկերը (1903թ.), Փարիզի բանվորական թաղամասի և Լամանշի շրջակայքի բնանկարներ:

1904թ.-ին վերադառնալով Հայաստան՝ Թերլեմեզյանը ստեղծագործական բեղմնավոր շրջան է ապրել: «Սանահինի վանքի գավիթը» (1904թ.) Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1908թ.-ին մեկնել է Փարիզ, ուր բազմաթիվ այլ գործերի հետ ստեղծել է Ա. Շիրվանզադեի դիմանկարը (1908թ.): 

1910-1912թթ.-ին ապրել է Կ. Պոլսում, մտերմացել Կոմիտասի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ե. Օտյանի և ուրիշների հետ: 1913-1914թթ.-ին Վանում նկարել է բնապատկերներ (պահպանվել է «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», 1915թ., կտավը): Որպես ղեկավար մասնակցել է Վանի ինքնապաշտպանության կռիվներին: 1915թ.-ին արևմտահայության զանգվածների հետ գաղթել է Անդրկովկաս: 
 
1916թ.-ին Թիֆլիսում կազմակերպել է Հայ արվեստագետների միությունը (նախագահ՝ Ե. Թադևոսյան), իսկ 1917թ.-ին Ռոստովում՝ Հայ արվեստագետների միության մասնաճյուղը: 1919-1922թթ.-ին եղել է Կ. Պոլսում, Իտալիայում, Ֆրանսիայամ, ստեղծել բնանկարներ: 1923թ.-ին մեկնել է Ամերիկա, մի քանի տարբերակով նկարել «Նիագարայի ջրվեժը» (1923թ.), Ֆրեզնոյի (1925թ.), Կալիֆորնիայի (1926թ.), Խաղաղ օվկիանոսի ափերի տեսարաններ, ինչպես նաև Հ. Աբելյանի, Հ. Ջարիֆյանի և ուրիշ մտավորականների դիմանկարներ:
 
1924թ.-ին Ամերիկայում կտակ է ձևակերպել՝ իր մահից հետո դրամական և նյութական ողջ ունեցվածքը նվիրելով Հայաստանի թանգարանին: 1928թ.-ին վերադարձել է Սովետական Հայաստան, նվիրվել հայ սովետական արվեստի կազմավորմանն ու զարգացմանը: Նույն թվականին Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը: 
 
Թերլեմեզյանն ընդունվել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (ԱԽՌՌ) շարքերը: 1928-1931թթ.-ին ստեղծագործական շրջագայություններ է կատարել դեպի Գորիս, Ղափան, Տաթև, Ձորագէս, Ալավերդի, նկարել արդիական թեմաներով պատկերներ, բնանկարներ  և դիմանկարներ: Այդ շրջանում և հետագայում կատարված Հ. Աճառյանի, Ա. Իսահակյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Վշտունու, Ա. Բակունցի, Ե. Լալայանի դիմանկարները հայ իրականության մեջ ռեալիստական դիմանկարի ավանդույթների հետագա զարգացման արտահայտություններ են: 
 
1932-1940-ին ստեղծված Երևանի («Արարատը առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր», «Երևանը գարնանը», բոլորը՝ 1933թ., «Աշունը հին Երևանում», 1935թ., «Հին և նոր Երևանը ձյունի տակ», 1937թ.) և Սևանի («Սևանի ափերը», 1937թ., «Սևանի կղզին», 1937թ.) շրջակայքը պատկերող աշխատանքներին բնորոշ է քնարական ջերմությունը, նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմությունը: 
 
Սովետական Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է 1941 թվականի ապրիլի 30-ին Երևանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: