Հանրագիտարան

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 250 հայազգի մտավորական։ Մեծ եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:

Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի հետ`   իրականացնելով դեռևս 1911թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, քրիստոնյաները՝ բնաջնջվեն։

 

Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։
 
Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանն արգելք էին երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
 
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջումը, ֆիզիկական ոչնչացումը։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։
 
Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն են վարում նաև աշխարհի պետություններից որոշները։ Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։
 
Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։
 
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 235 մտավորական, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Նրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։
 
Երրորդ փուլով թուրք ջարդարարներն սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը։ Կազմակերպվեց զանգվածային բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
 
Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1.000.000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կոտորվեց 66 քաղաքի և մոտ 2500 գյուղի հայ բնակչություն։
 
Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների՝ նահատակվեց 500.000 - 1.500.000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների՝ զոհերի թիվը կազմել է մոտ 1.200.000:
 
1965թ.`   Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում`   Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։
 
1995թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում`   Արմին Վեգները)։
 
Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում՝ ի հիշատակ զոհերի։ Ամեն տարի ապրիլի 24-ին`   Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիր և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: