Հանրագիտարան

Եկատերինա II

Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի կառավարման տարիները (Սոֆյա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ Ցերբստսկայա, 1729թ. ապրիլի 21, ք. Շտետտին, Գերմանիա - 1796թ., Ցարսկոյե Սելո): Նրա գահակալումը (1762–1796թթ.) նշանավորվել են ռազմական մեծ իրադարձություններով, կայսրության ընդլայնմամբ ու հզորացմամբ:

Եկատերինա II-ը սերել է գերմանական սնանկացած իշխանական տոհմից: 1744թ.-ից բնակվել է Ռուսաստանում, 1745թ. ամուսնացել է թագաժառանգի`   ապագա Պյոտր III կայսեր հետ: 1762թ. գվարդիականների օգնությամբ գահընկեց է արել ամուսնուն և տիրացել գահին: 

Եկատերինան Եվրոպայում ճանաչվել է որպես կիրթ և բազմաշնորհ միապետ: Նրան անվանել են Լուսավորյալ միապետուհի: Նամակագրություն է ունեցել ֆրանսիական լուսավորիչների, մասնավորապես`   Դիդրոյի հետ: Ֆրանսուա Վոլտերին համարել է իր ուսուցիչը:
 
Եկատերինան ճկուն դիվանագետ էր և իրեն շրջապատել է պետական ու ռազմական գործիչներով (Պյոտր Ռումյանցև, Գրիգորի Պոտյոմկին, Ֆեոդոր Ուշակով, Ալեքսանդր Սուվորով և ուրիշներ): Ամրապնդել է տեղական կառավարումը, վերակառուցել Սենատը: Եվրոպական Ռուսաստանում 20-ի փոխարեն ստեղծել է 50 նահանգ, որոնք բաժանվել են գավառների:
 
Նահանգները կառավարել են ազնվականները: Հատուկ շնորհագրերով կարգավորել է ռուսական քաղաքների ինքնակառավարումը, բնակչության բուժօգնության նպատակով ստեղծել է Բժշկական կոլեգիա (կառավարման բարձրագույն մարմին):
 
Եկատերինա II-ը մասնակցել է լեհ-լիտվական պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի 3 բաժանումներին (1772թ., 1793թ. և 1795թթ.), որոնցով Բելառուսը, Աջափնյա Ուկրաինան, Լիտվան, Լատվիայի հարավային շրջանները միացվել են Ռուսաստանին, իսկ մնացած մասերը՝ Պրուսիային և Ավստրիային:
 
Եկատերինա II-ը մի շարք վիպագրական, դրամատիկական, հրապարակախոսական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների հեղինակ է: Դեռևս 1760-1770-ական թթ. հայ գործիչները (Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի) դիմել են Եկատերինա II-ին («Հյուսիսի Շամիրամին»)՝ ակնկալելով նրա օգնությունը`   ազատագրելու Հայաստանը թուրք-պարսկական լծից:
 
1768թ.-ի հրովարտակով Եկատերինա II-ը պատրաստակամություն է հայտնել «հանուն քրիստոնեության» օգնել ու հովանավորել «ազնիվ հայ ժողովրդին»: 1769թ. աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը Եկատերինա II-ին է ներկայացրել Հայաստանի ազատագրման և Ռուսաստանի հովանու ներքո հայկական պետականությունը վերականգնելու իր ծրագիրը:
 
Կայսրուհին արտոնել է Ղրիմից հայերի գաղթը և Նոր Նախիջևանի հայկական գաղութի հիմնադրումը (1870թ.), իսկ Մոլդովայից ու Բեսարաբիայից գաղթած հայերին`   Գրիգորիուպոլիս քաղաքի հիմնումը (1872թ.): Հովհաննես Լազարյանի՝ Հայաստանի ազատագրության ծրագիրը 1870թ.-ի հունվարի 10-ին Ալեքսանդր Սուվորովը ներկայացրել է Եկատերինա II-ին և մեկնել Աստրախան՝ այսրկովկասյան արշավանքը նախապատրաստելու:
 
Միևնույն ժամանակ կազմվել և ցարական կառավարությանն է ներկայացվել Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետություն ստեղծելու ևս 2 ծրագիր: Ռուսաստանի զորքերը գեներալ Վալերիան Զուբովի հրամանատարությամբ 1796թ. շարժվել են Այսրկովկաս և գրավել Դերբենտը, Բաքուն, Շամախին ու Գանձակը:
 
Սակայն նույն տարվա նոյեմբերին մահացել է Եկատերինա II-ը, գահ բարձրացած նրա որդի Պավել I-ի հրամանով դադարեցվել է արշավանքը, և ռուսական զորքերը 1797թ. հեռացել են Այսրկովկասից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: