Հանրագիտարան

Էդմոնդ Քեոսայան

Կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, ՀՀ, ՎՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Էդմոնդ Քեոսայանը (1936թ., հոկտեմբերի 9, Լենինական - 1994թ., Մոսկվա) 1952-54թթ. սովորել է Մոսկվայի տնտեսագիտական, 1954-58թթ.`   Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտներում, միաժամանակ աշխատել է Կ. Օրբելյանի ղեկավարած Պետական էստրադային նվագախմբում որպես համերգավար, 1965թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (կինոռեժիսոր Եֆիմ Ձիգանի արվեստանոց): 1964թ.-ից Մոսֆիլմ, 1972-76թթ. Հայֆիլմ կինոստուդիաների ռեժիսոր է եղել:

Քեոսայանն ուսման տարիներին նկարահանել է «Սանդուղք» (1962թ., հեռուստաֆիլմ, Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակ), «Երեք ժամ ճանապարհին» (1963թ., կարճամետրաժ, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմերը:

 

Մոսֆիլմում նկարահանած ուշագրավ կինոնկարներից են «Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ» (1965թ.), «Խոհարարուհին» (1966թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ., ԽՍՀՄ համամիութենական կինոփառատոնի մրցանակ) և այլն: Ռեժիսորը համընդհանուր ճանաչման է արժանացել «Անորսալի վրիժառուներ» կինոնկարով (1967թ.):

 

Այն 1960-ական թվականների ռուսական կինոյի ամենանշանավոր իրադարձություններից էր, որով սկզբնավորվել է «Անորսալիների նոր արկածները» (1968թ., երկուսն էլ ՀամԼԿԵՄ մրցանակ (1968թ.), «Ռուսական կայսրության թագը կամ Նորից անորսալիները» (1971թ.) ֆիլմաշարը: Հակաֆաշիստական դիմադրության հերոսներին է նվիրված նրա «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1983թ.), ստալինյան բռնությունների զոհերին`   «Համբարձում» (1989թ.) կինոնկարը: 
 
Քեոսայանը Հայֆիլմում նկարահանել է «Տղամարդիկ» (1973թ.), «Մոռացված հեքիաթների կիրճը» (1974թ.), «Հուսո աստղ» (ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի, 1978թ.), «Լեգենդ ծաղրածուի մասին» (1979թ., Լ. Ասատրյանի հետ) կինոնկարները: Նկարահանվել է «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1958թ., Հայֆիլմ) կինոնկարում: Քեոսայանը նաև իր մի քանի ֆիլմերի սցենարիստն է եղել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: