Հանրագիտարան

Պաբլո Պիկասո

Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ-նկարիչ Պիկասոն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիստական շարժման հիմնադիր: Նա աշխատել է բազմազան ժանրերում`   նպաստելով այդ ժանրերի զարգացմանը:

Պաբլո Ռուիս Պիկասոն ծնվել է 1881թ. հոկտեմբերի 25-ին: Պիկասոն դեռ վաղ տարիքից դրսևորել է արտասովոր տաղանդ`   իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է: Նրա արտիստիկ կատարումները հաջողություն են բերում նրան և դարձնում 20-րդ դարի ամենահայտնի արվեստագետներից մեկը:

 

Սովորել է Լա Կորունիայի, Բարսելոնայի Գեղեցիկ արվեստների դպրոցներում, Մադրիդի Սան Ֆերնանդո թագավորական ակադեմիայում: Նմանակելով հորը՝ դեռևս պատանի Պիկասոն ստեղծել է բացառիկ դիտողականությամբ և վավերականությամբ բնորոշվող գծանկարներ:
 
1904թ.-ից ապրել է Փարիզում: Նրա առաջին նշանավոր գործերն ստեղծվել են 1900-ական թթ.-ի սկզբին: Այդ շրջանի գործերում պատկերված են միայնության մեջ ողբերգականորեն թշվառ կույրեր, աղքատներ, ինչպես և թափառաշրջիկ դերասանների ռոմանտիկ կյանքը:
 
1907թ.-ին Պիկասոն վճռականապես հրաժարվել է համաշխարհային արվեստի ռեալիստական ավանդույթներից: Զգալով բուրժուական հասարակության և նրա մշակույթի ճգնաժամը, գոյության ողբերգական պայմանները, չտեսնելով սարսափելի իրականությանը հակադրվող որևէ ուժ՝ Պիկասոն իր ստեղծագործություններում անողոք կերպով աղճատման է ենթարկում այդ իրականությունը:
 
Նա աշխատել է նաև քանդակագործության, խեցեգործության և գրաֆիկայի ասպարեզներում: 20-րդ դարի խոշորագույն արվեստագետը մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի արվեստի, գրականության և քաղաքական մտքի զարգացման վրա։ Մահացել 1973թ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: