Հանրագիտարան

Տեղի է ունեցել Մարաղայի կոտորածը

Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են կոտորած, որի ընթացքում զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ:

Մարաղա գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ Միրբաշիրի շրջանի հարևանությամբ: Ըստ 1989 թվականի մարդահամարի՝ գյուղում ապրում էր 4660 մարդ, հիմնականում`   հայ: Մինչև ապրիլի 10-ի իրադարձությունները, գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության: 

 

1992 թվականի ապրիլի 10-ին`   առավոտյան ժամը 5-ին, սկսվել է գյուղի հրետակոծությունը: Կեսօրին մոտ ադրբեջանական  բատալյոնը (1000 զինվոր) 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտել է գյուղ: Պաշտպանական ուժերը (60 հոգի), տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջել են`   զգուշացնելով գյուղի բնակիչներին:
 
Հիմնական բնակչությունը լքել է գյուղը: Ծերունիները և հաշմանդամները պատսպարվել են նկուղներում: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ են գրավել և գտել 43 խաղաղ բնակչի դիակ՝ գլխատված, այրված կամ աչքերը հանված:
 
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քարոլինա Քոքսն այսպես է նկարագրում իր տեսածը՝ «Այն, ինչ որ մենք տեսանք, նկարագրության ենթակա չէ: Գյուղն ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ հնարավոր էր թաղել... տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր:
 
Մի մասին թաղել էին նախորդ օրը: Նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է դա հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր...:
 
Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար, դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը:
 
Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել...»: Ըստ Քոքսի՝ սպանվել է գյուղի ոչ պակաս, քան 45 բնակիչ: Ըստ հայկական անվանական ցանկի՝ զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում 9 երեխա է եղել, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային  իրավապահպան կազմակերպության և Քարոլինա Քոքսի կողմից):
 
Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը, և 13 հոգի գերեվարվել են: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր է ստացել 37 մարդ, նրանց թվում՝ 21 կին և 6 երեխա:
 
Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվամիջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար: Ըստ Քարոլինա Քոքսի՝ «Դեյլի Թելեգրաֆ» անգլիական թերթն սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվել է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: