Հանրագիտարան

Չարլզ Սպենսեր (Չարլի Չապլին)

Ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, խիստ ծաղրաշարժ ներկայացում ժանրի մեծ վարպետ Չարլզ Սպենսերը (Չարլի Չապլին) համաշխարհային կինոարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից է: Նրան անվանել են Ծիծաղի արքա:

Չարլի Չապլինը ծնվել է 1889թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում`   դերասանների ընտանիքում: Նրա հոր`   Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը`   նա տարվել է արբեցողությամբ`   մահանալով 1894 թվականին: Չապլինի մայրը`   Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:

 

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում`   կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլի դերը: 16 տարեկանից Չապլինն սկսել է ջութակ նվագել`   օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և աշակերտելով իր ծանոթներից մեկին:
 
1912թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում`   սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում: Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանել է իր առաջին ֆիլմը`   «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է եկել որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունեցել Չարլի Չապլինի նկարահանած «Փոքրիկը», «Ոսկու տենդ», «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր էլ համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերից:
 
Չապլինի 3 ֆիլմ տեղ է գտել ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», «Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), ավելին՝ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի ցանկում՝ գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:
 
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն ու, չնայած 1927թ. կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
 
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և այդ ամուսնություններից ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: