Հանրագիտարան

Հովհաննես Հովհաննիսյան

1864թ.-ի ապրիլի 14-ին Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին) է ծնվել Հովհաննես Հովհաննիսյանը: Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա Երևանի պրոգիմնազիայում։ 1877թ.-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884թ.-ին՝ համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888թ.-ին։ 1889թ.-ին ճանապարհորդել է Եվրոպայում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912թ.-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918թ.) եղել է նրա լուսաբաժնի վարիչը։

1883թ.-ին լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887թ.-ին հրատարակվել է ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին։ 1908 և 1912թթ.-ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդել են նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ 

 

Հովհաննիսյանը ստեղծել է արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչներն են դարձել Հ. Թումանյանը, Ավ. Իսականյանը։ Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ։
 
Սիրային բանաստեղծություններն աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նա ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները։
 
Հովհաննիսյանը մեծ հայրենասեր էր։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակիցներին։ Հոնհաննիսյանը բնագրից թարգմանել է եվրոպական և ռուս գրականության դասականների երկերը։
 
Նա բյուրեղային պարզության է հասցրել հայ նոր պոեզիան, հարստացրել հայ գրական լեզուն։ Մահացել է 1929թ.-ի սեպտեմբերի 29-ին: 1913թ.-ին նշվել է բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965թ.-ին պետականորեն տոնվել է Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: