Հանրագիտարան

Ալբերտ Էյնշտեյնը դարձավ Թել Ավիվի առաջին պատվավոր քաղաքացին

Տեսաբան, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի տղա: Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվեց մաթեմատիկայով և սկսեց ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները ճանաչում գտան: 1 տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակեց մի քանի գիտական հոդված, որոնք հիմնովին փոխեցին գիտնականների մտածելակերպը:

Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չկարողացան դրանք հասկանալ: Նա ստեղծեց ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծ ավանդ ունեցավ չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ ու պրոտոններ) վարքագծի տեսությունում (քվանտային տեսություն):

 

Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես՝ հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:

 

Ըստ այդ տեսության`   եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղեր, նրա երկարությունը կփոքրանար, իսկ զանգվածը կաճեր: Հարաբերականության տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկյանում 300 հզ. կմ-ի: 

 

Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր դարձավ ողջ աշխարհում և 1921թ. արժանացավ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի: Գերմանիայում, սակայն, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ ազգությամբ հրեա Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվեց ստորացումների ու վիրավորանքների:
 
Ի վերջո, նա վճռեց թողնել Գերմանիան և 1933թ. արտագաղթեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը: Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը. նա ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: