Հանրագիտարան

Ռաֆայել Սանտի

Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ Ռաֆայել Սանտին ծնվել է 1483թ. մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա: Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները:

1500թ. նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը: Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելն ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»: 1504թ. մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես՝ Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն: Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները:

 
Վատիկանի պալատում աշխատելու համար Ռաֆայելը 1508թ.-ին Հուլիոս 2-րդ պապից Հռոմ տեղափոխվելու հրավեր է ստացել: Հռոմում արվեստագետն անմիջականորեն ծանոթացել է անտիկ շրջանի հուշարձաններին, մասնակցել պեղումների: Այստեղ Ռաֆայելն ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝ Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների «կայարան»-ների որմնանկարները: 
 
Այդ որմնանկարների բովանդակությունն ավելի տարօրինակ է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի փառաբանումը): Դրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային երջանկության իդեալը, նրա հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացումը: Բացառիկ նշանակություն է ունեցել Ռաֆայել-ճարտարապետի գործունեությունը`   որպես Բրամանտեի և Պալլադոյի ստեղծագործությունները կապող օղակ: 
 
Բրամանտեյի մահից հետո Ռաֆայելը դարձել է Սբ. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը: Չնայած Ռաֆայելն իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել՝ բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել: Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռաֆայելի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ: Այդ պատճառով էլ ակադեմիզի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռաֆայելի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները:
 
Ռաֆայել Սանտիի գործերից են «Տիրամայրը կանաչների մեջ» (գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», «Գեղեցիկ այգեպանուհին» (1507., Լուվր, Փարիզ), «Ասպետի երազը» (Ազգային պատկերասահ, Լոնդոն), «Մադոննա Կոնեստաբիլե» (Էրմիտաժ, Լենինգրադ), «Հուլիոս 2-րդ» (մոտ 1511, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), «Մարիամի նշանադրությունը» (1504, Բրերա պատկերասրահ, Միլան) և էլի շատ ու շատ գործեր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: