Հանրագիտարան

1953թ. բացվել է Թումանյանի թանգարանը

Մայրաքաղաքի կենտրոնում`   Հովհ. Թումանյան և Մ.Սարյան փողոցների հատման հանգույցի բարձրադիր տեղանքի վրա է գտնվում ամենայն հայոց բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանի (1869-1923թթ.) թանգարանը:

Թանգարանը բացվել է 1953թ. ապրիլի 5-ին (հիմնադիր տնօրեն, գրողի դուստր`   Ա.Թումանյան): Տունը կառուցելիս փորձ է արվել հնարավորինս նմանեցնել գրողի թիֆլիսյան բնակարանին`   հատակագիծը, ննջարանը, ճաշասենյակը, աշխատասենյակը, հյուրասենյակը, մանկական սենյակը, կահավորանքը: 1969թ. մեծ բանաստեղծի 100-ամյակի առթիվ կառուցվել է մի նոր մասնաշենք ևս (ճարտարապետ`   Գ.Աղաբաբյան): 

 
1983թ. ավելացվել է նաև «Վերնատունը» (ճարտարապետ`   Ս.Ներսիսյան)`   թիֆլիսյան բնակարանի հատվածը, որտեղ ժամանակին հավաքվում էին Հովհ. Թումանյանի գլխավորած «Վերնատուն» գրական խմբակցության անդամները: Թանգարանի երկու հարկաբաժիններում ցուցադրվում են Թումանյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանող նյութեր`   անձնական իրեր, փաստաթղթեր, ինքնագրեր, ձեռագրապատճեններ, ավելի քան 40 լեզուներով թարգմանված նրա երկերի հրատարակությունները և այլն: 
 
Առանձնահատուկ է գրողի անձնական գրադարանը`   շուրջ 8.000 անուն գիրք: Ներքին բակին հարող պատշգամբում ներկայացված է պոետի ծննդավայր Դսեղ գյուղից բերված տնային կահ-կարասին: Երկրորդ հարկում նույնությամբ ընդօրինակված է նրա Թիֆլիսի բնակարանը, որտեղ գրողն ապրել է իր կյանքի վերջին 14 տարիները:
 
Թանգարանը նաև թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից`   կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ: Փոքրիկների համար գործում է «Բզեզի դպրոցը», իսկ պատանիների համար`   յուրահատուկ համալսարանը, որտեղ դասերը վարում են հումանիտար ու ճշգրիտ գիտությունների բնագավառում մեծ փորձ ունեցող գիտնականները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: