Հանրագիտարան

Գոյա

Իսպանացի հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող Ֆրանցիսկո Խոսե դե Գոյան ծնվել է 1746 թ. մարտի 30-ին Ֆուենդետոդոսում՝ Իսպանիայի Արագոն նահանգում։ Ծնողներն են Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսը։

 

1760թ.-ից սովորել է Սարագոսայում, 1769թ. մեկնել է Իտալիա, ուսումնասիրել է իտալացի նշանավոր արվեստագետների ստեղծագործությունները: 1771թ. արժանացել է Պարմի Գեղարվեստի ակադեմիայի մրցանակին: 1773թ.-ից աշխատել է Մադրիդում: Գոյան բավական ուշ է սկսել նկարել:

 

Նա 1776-1780, 1786-1791թթ. Մադրիդի պաստառների թագավորական մանուֆակտուրայի համար ստեղծել է 60-ից ավելի պաննո: Մեծ վարպետությամբ է պատկերել թափառաշրջիկներին, մուրացիկներին, գյուղացիներին, պալատական պահակներին, ինչպես նաև բնությունը:

 

1780թ. Գոյան ընտրվել է Մադրիդի գեղարվեստի ակադեմիայի անդամ, 1786թ. նշանակվել է պալատական, 1799թ.-ից՝ արքայի առաջին գեղանկարիչ: 1790-ական թվականները բեկումնային էին նկարչի համար: 1793թ. ծանր հիվանդությունից Գոյան կորցրել է լսողությունը:

 

Նրա վրա խորապես ազդել է նաև երկրում տիրող բարքերի դեմ պայքարող իսպանացի ժողովրդի պարտությունը: Գոյայի գրաֆիկական (գծանկար, օֆորտ) աշխատանքներում տոնական ու լուսավոր նրբերանգները փոխարինվել են լույսի ու մթի սուր հակադրություններով:

 

1797-1798թթ. ստեղծած «Կապրիչոս» օֆորտների շարքում քաղաքական երգիծանքն արտահայտվել է երևակայական, այլաբանական պատկերներով: Օֆորտների կերպարները տարբեր կենդանիներ են, փակ աչքերով անճոռնի մարդիկ, որոնց ականջներին փականներ են: 

1780-1800-ական թվականների սկզբին նկարիչը բացառիկ հաջողության է հասել դիմանկարչության մեջ: Լավագույն գործերից են «Սենյոր Բարմուդես», «Լա Տիրանա» (1799թ.), «Ի Կովոս դե Պորսել» (մոտ 1806թ.) և այլն: 1810-1820թթ. Գոյան միայնակ է ապրել «Խուլի տուն» կոչվող քաղաքամերձ իր առանձնատանը: 
 
Գրոտեսկային կերպարներով է կառուցված նրա «Դիսպարատես» (1820-1823թթ.) օֆորտների շարքը, իսկ «Տավրոմախիա» (1815թ.) շարքին բնորոշ են աշխույժ շարժումը, ռիթմը: Գոյայի վերջին շրջանի գործերում կրկին ի հայտ են եկել վառ ու արտահայտիչ գույները («Ջրկիրը», 1810թ. և այլն):
 
Նկարչի ինչպես ինքնանկարներում, այնպես էլ «Կաթնավաճառուհին Բորդոյից» (1827-1828թթ.) և այլ դիմանկարներում խորապես արտացոլված են կերպարների խոհականությունն ու իմաստնությունը: Կյանքի վերջին 4 տարիները Գոյան ապրել է Ֆրանսիայում, ստեղծել է բազմաթիվ դիմապատկերներ, յուրացրել վիմագրության նոր տեխնիկան, 1826թ. ավարտել է «Բորդոյան ցուլեր» նկարաշարը:
 
Արտաքին աշխարհից մեկուսանալու նպատակով նա տուն է գնել Մանզանարեսի մոտ («Խուլի տունը»), որտեղ ստեղծել է իր «մռայլ նկարների» շարքը։ 1824թ. մայիսին Գոյան դժգոհ լքել է Իսպանիան և բնակություն հաստատել Բորդոյում։ Հետագայում՝ 1826թ., Իսպանիա է վերադարձել առողջական մեկ այլ խնդրի պատճառով։
 
Չնայած ջերմ ընդունելությանը՝ նա նորից է վերադարձել Բորդո։ Եվ հենց այնտեղ էլ մահացել է 1828թ.-ի ապրիլի 16-ին 82 տարեկան հասակում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: