Հանրագիտարան

Գերմանիան պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը։
Գերմանիան վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ։ Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմն Անգլիայի դեմ, ձգտում հասնել համաշխարհային տիրապետության։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ այն ավարտել սեղմ ժամկետում՝ վերացնելով նրան որպես պետություն:
 
Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Երկրի զինված ուժերը համապատասխան պատրաստության չբերվեցին, որի պատճառով պատերազմի սկզբում անհաջողություններ ունեցան։ Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ, թշնամուն հանձնեցին շատ տարածքներ։ 
 
Սխալ էր նաև պատերազմի նախօրյակին հազարավոր սպաների բանտարկությունը, որից բանակը խիստ թուլացավ։ Այլ խոսքով՝ պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու։ 
 
Ռազմաքաղաքական և դիվանագիտական հաղթանակ էր, որ ԽՍՀՄ-ը միայնակ չմնաց ֆաշիզմի դեմ մղվող պայքարում։ ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ՝ ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար։ Ձևավորվեց դաշնակից երկրների հակաֆաշիստական խմբավորումը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: