Հանրագիտարան

Թորոս Թորամանյան

Ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է: Ծնվել է 1864թ. մարտի 18-ին Շապին-Գարահիսարում:

Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժնում: 1895թ. մեկնել է Բուլղարիա, որտեղ 1898թ. նրա նախագծերով կառուցվել են առանձնատներ և հասարակական շենքեր: 1900թ. տեղափոխվել է Ռումինիա, ապա շրջագայել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում: 1902թ. մեկնել է Փարիզ՝ կատարելագործվելու: 

 

1904թ.-ի գարնանը Թորամանյանն սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել է Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, կատարել չափագրման աշխատանքներ: 1905թ. ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906թ. Անիում Նիկողայոս Մառի  արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ. Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով: 
 
Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Թորամանյանն ուսումնասիրել ու չափագրել է նաև Հոռոմոսի համալիրը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը, Շիրակ և Արագածոտն գավառների հուշարձանները: 
 
1904-1912թթ. Անիում պարբերաբար մասնակցել է Նիկողայոս Մառի գիտարշավախմբի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել վերակազմության նախագծեր:
 
Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (ռուսերեն`   1909թ., հայերեն`   1910թ.), «Տեկորի տաճարը» (առանձին գրքով`   1911թ.), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911թ.), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911թ.), «Անի քաղա՞ք, թե ամրոց» (1912թ.) և այլ ուսումնասիրությունները վկայում են հայկական ինքնուրույն ճարտարապետության զարգացման բարձր մակարդակի մասին:
 
Շնորհիվ այդ ուսումնասիրությունների բազմաթիվ  օտար գիտնականներ վերանայել են իրենց թյուր տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ: 1913թ. Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է գլխավոր մրցանակի:
 
Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ. հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը՝ որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման:
 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի`   հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր: Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը 2 հատորով լույս է տեսել գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով (1942-1948թթ.):
 
Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել նրա ինքնատիպությունը, ամբողջականությունը և ոճական ինքնուրույնությունը: Նրա աշխատություններն սկզբնաղբյուր են ուսումնասիրողների համար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: