Հանրագիտարան

Ռաֆայել Աթոյան

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը 60-ականների վառ ներկայացուցիչներից է: Ապրել և ստեղծագործել է այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Մինասը, Հակոբ Հակոբյանը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը, Էդուարդ Խարազյանը, Արա Շիրազը և ուրիշներ:

Գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931թ. հունվարի 31-ին Լենինականում, 1944-1946թթ. սովորել է հայրենի քաղաքի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, այնուհետև Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1960թ. նկարիչների միության անդամ է: Հանդես է եկել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում և այլուր: Նրա կտավներում գույները հուշիկ զրուցում են միմյանց հետ, պատմում, թե որքան հրապուրիչ կարող է լինել ամենօրյա աշխատանքն ու առօրյա կյանքն իր անդորրությամբ ու բանաստեղծականությամբ:
 
Այդ ամենը տեսնել է պետք, իսկ գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը ոչ միայն տեսել, այլև վրձնել է այդ ամենը: Նկարչի ամենամեծ առավելությունն անհատին բնությանը, միջավայրին ներդաշնակելու ցանկությունն է: Ու Ռաֆայել Աթոյանը հրաշալիորեն իրագործել է իր ցանկությունը բազմաթիվ բնանկարներում, կոմպոզիցիաներում, նատյուրմորտներում, ինչպես նաև փոքրաթիվ, սակայն հրաշալի դիմանկարներում:
 
Մեր օրերում դժվար է իրատես նկարիչ լինելը, շատ քիչ է իրական աշխարհն ու մեզ շրջապատող աշխարհը կտավին փոխանցելը: Ժամանակն այլ պահանջ ունի, սակայն բոլոր ժամանակներում էլ արվեստի իրական արժեքներ ստեղծելու համար անկեղծություն, բնականություն ու ազնվություն է անհրաժեշտ, որոնցով առատորեն շաղախված են Ռաֆայել Աթոյանի կտավները:
 
Նկարչից պահանջվում է նաև սիրել այն ամենը, ինչ նկարում է: Կասկած անգամ չկա, որ Աթոյանը նկարել է այն ամենը, ինչ սիրում է: «Որքան որ ինձ հիշում եմ, հատկապես՝ մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ: Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը, բոլորը նույն օդն են շնչում և միավորված են տիեզերական անքակտելի շղթայով:
 
Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական: Այսպիսին է իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր: Այդ է պատճառը, որ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու և բնության միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել»,-ասում է նկարիչը:
 
Ռաֆայել Աթոյանը «Փողոց Գյումրիում» վերնագրով բազմաթիվ կտավներ է վրձնել: Արվեստագետը հոգու խորքում հասկացել է, որ իր օրերի Գյումրվա տեսարանները վաղն արդեն հուշ են դառնալու: Եվ իսկապես, այսօր արդեն ֆայտոններ չես տեսնի քաղաքի փողոցներում, գրեթե չես հանդիպի կիրակնօրյա պատարագի շտապող գյումրեցի զույգերի:
 
Ըստ երևույթին, ժամանակներն ու պահանջներն են փոխվել, սակայն նկարչի ցանկությունն է, գոնե իր կտավներում Գյումրին ունենա այն կոլորիտը, համն ու հոտը, ինչպես հին ու բարի ժամանակներում: Ռաֆայել Աթոյանը հավատացյալ քրիստոնյա է: Նա Աստծո ներկայությունն ու իր աղոթքը առ Աստված կտավներում եկեղեցիներով է արտահայտում:
 
Դրանցից է ոչ միայն հայրենի քաղաքի հայտնի Յոթ վերք եկեղեցին, այլև Հայաստանի նշանավոր եկեղեցական համալիրները`   Կարմրավոր, Սաղմոսավանք: Ռաֆայել Աթոյանը մահացել է 2014թ.-ի հուլիսի 3-ին Ֆրեզնոյում: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: