Հանրագիտարան

Զաբել Բոյաջյան

Հայ գրող, նկարչուհի, բազմալեզվագետ թարգմանչուհի Զաբել Բոյաջյանը ծնվել է 1872-ին, Դիարբեքիր վերանվանված հայոց երբեմնի Ամիդ քաղաքում. ծննդյան անունը Իզաբել Քեթրին էր։ Հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Օսմանյան կայսրությունում Անգլիայի հյուպատոսն էր, իսկ մայրը՝ Քեթրին Ռոջերս Բոյաջյանը, անգլուհի էր, որը տիրապետում էր հայոց լեզվին։

Փոքրիկ Իզաբելն ունեցել է խաղաղ, հաճելի մանկություն, ամառներն անց է կացրել Խարբերդում, հորաքրոջ տանը, որտեղ աշխույժ, չարաճճի աղջիկը ժամանակն անց է կացրել ծառերի վրա միրգ ուտելով և անհնազանդություններ անելով: Իզաբելի ջինջ և անամպ օրերն ավարտվել են 1895-ին, երբ սուլթան Աբդուլ Համիդի սանձազերծած հայկական ջարդերի ժամանակ աղջիկը կորցրել է հորը։

Այրի տիկին Բոյաջյանը դստեր, որդու՝ Հենրիի և իբրև ծառաներ իրենց հովանու տակ վերցրած հինգ հայերի հետ մեծ դժվարություններով հեռացել է Թուրքիայից և ապաստանել Լոնդոնում: Այստեղ էլ Իզաբելը ստացել է իր գերազանց կրթությունը, սովորել հռչակավոր Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Անգլերենից և հայերենից բացի տիրապետել է ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, շվեդերեն, էսպերանտո լեզուներին:
 
Նա եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից, մինչև անգամ 1907-ին որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացմանը: Բոյաջյանը, պատկանելով երկու ազգերի, իր պարտքն է համարել իր քիչ ճանաչված և մշտապես հարստահարված մի կողմին ներկայացնել առավել բարեբախտ մյուսին։ Այդ իսկ պատճառով նա իր Իզաբել անունը փոխարինել է դեռևս միջին դարերում հայացված Զաբելով և նվիրվել հայ ժողովրդին անգլիախոս հասարակությանը ներկայացնելու գործին։
 
1901 թվականին Լոնդոնում նա լույս է ընծայել «Եսթեր. մի կյանքի սիրավեպը» գիրքը՝ ցույց տալով հայության վիճակը Թուրքիայում։ 
 
Զաբել Բոյաջյանը եղել է ճամփորդությունների մեծ սիրահար։ Նա ոտքի տակ է տվել գրեթե ողջ Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայով՝ հասնելով մինչև Լապլանդիա։ Եղել է ֆրանսիական ալպինիստների միության անդամ։ Հունաստան կատարած ուղևորության արդյունքում ծնվել է իր տեսակի մեջ ինքնատիպ մի պատկերագիրք՝ «Գրչով և ներկապնակով Հունաստանում» վերնագրով: Տպագրել է նաեւ «Գիլգամեշ. հավերժական որոնումը» դյուցազներգությունը և «Էջմիածին» թատերախաղը, որը բեմադրվել է Նյու Յորքում:
 
Անգլերեն թարգմանել և առանձին գրքով հրատարակել է Ավետիք Իսահակյանի «Աբու լալա Մահարի» պոեմը, որն ունեցել է երեք տպագրություն։ Բոյաջյանն իր ամենամեծ գրական հաջողություններից է համարել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ծավալուն հատորում ընդգրկվելը։ Այդ ժողովածուում զետեղվել են տարբեր ազգերի հեղինակների հոդվածներ կամ բանաստեղծություներ։
 
Առհասարակ Զաբել Բոյաջյանն իր առաջին կոչումը համարել է նկարչությունը։ Նա վրձնել է տասնյակ երփնագիր աշխատանքներ՝ դիմանկարներ և բնանկարներ։ Ստեղծել է նաև Րաֆֆու և զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները։ 
 
Ամբողջ կյանքում Զաբել Բոյաջյանը եղել է եռանդուն, գործուն, խիզախ, իր գործին և հայությանն անձնվիրաբար նվիրված անհատականություն։ Կյանքի վերջին տարիները, ցավոք, անցել են զրկանքների մեջ։ Նա մահացել է Անգլիայի Սիֆորդ բնակավայրում, 1951 թվականին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: