Հանրագիտարան

Հնդկաստանը հռչակվեց անկախ ժողովրդավարական հանրապետություն

Հնդկաստանը պետություն է Հարավային Ասիայում, գտնվում է Հիմալայներից հարավ։ Մայրաքաղաքը Նյու Դելին է։ Սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Բանգլադեշին և Բիրմային։

Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես՝ իրենց անմիջական հարևանի`   Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել է Սինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։

 

Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան (Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն`   «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է Հինդուստան։

 

Պարսիկներից էլ այդ անվանումն անցել է այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին։ Երկրի անվանման Եվրոպայում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։

 

1949թ.-ին ընդունված Սահմանադրության համաձայն՝ Հնդկաստանը հռչակվել է հանրապետություն և կոչվել Հնդկաստանի Հանրապետություն։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։

 

Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկական Բհարաթա ցեղի (այդ ցեղի հետնորդների մասին ավանդություններն ընկած են հնդկական «Մահաբհարաթա» էպոսի հիմքում) տարաբնակեցման շրջանի (Ջամնա և Սաթլեջ գետերի միջագետքը) Բհարաթավարշի («Բհարաթների երկիր») անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: