Հանրագիտարան

Սկսվեց hայերեն առաջին Աստվածաշնչի տպագրությունը

Աստվածաշունչը կամ Սուրբ Գիրքը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է, որն Աստծու ներշնչմամբ գրել են մարգարեներն ու առաքյալները: 1666թ. մարտի 11-ին հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ միասին Ամստերդամում սկսել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը: Աստվածաշնչի առաջին հայերեն ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
Աստվածաշունչն Աստծո ստեղծագործության պատմությունն է: Այնտեղ ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, մարդկանց կուտակած վիթխարի կենսափորձը, տիեզերքի և աշխարհի արարման ու պատմական անցքերի վերաբերյալ մեր նախնիների պատկերացումները: 
 
Սուրբ գրքի առանձին մասերը կամ գրքերը շուրջ 4 տասնյակ հեղինակներ գրել են 1500 տարվա ընթացքում: Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր կտակարաններից: Հին կտակարանը պարունակում է 48 գիրք և գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ:
 
Հին կտակարանը բաժանվում է 4 հիմնական մասերի՝ «Օրենք», որը պարունակում է Հնգամատյանը (Մովսեսի հինգ գրքերը), «Պատմական գրքեր», «Մարգարեներ» և «Իմաստասիրական մատյաններ»: Հին կտակարանն արարչագործության մասին  է:
 
Սկզբում Աստված արարել է տիեզերքը, երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, բուսական և կենդանական աշխարհները, ապա առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային և նրանց բնակեցրել դրախտում: Ադամը և Եվան հետևելով չարի (սատանայի) խորհրդին՝ մեղանչել են Աստծո դեմ և արտաքսվել դրախտից:
 
Առաջին մեղքի պատճառով մարդը դարձել է մահկանացու և ավելի ու ավելի հեռացել Աստծուց: Հին կտակարանում խոսվում է մարդու հետ Աստծու ուխտի մասին, Փրկչի մասին, ով պիտի փրկեր մարդկությանը չարի տիրապետությունից:
 
Փրկչագործությունն Աստվածաշնչի առանցքային թեման է, որով կապակցվում են Հին և Նոր կտակարանները: Հին կտակարանի գրեթե բոլոր գրքերում՝ մարգարեություններում, սաղմոսներում, խոսվում է Փրկչի գալստյան մասին:
 
Նոր կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից հետո՝ առաջին դարում, որից էլ սկսվել է մեր թվականությունը: Նոր կտակարանում՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարաններում, պատմվում է Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, վարդապետության և զոհաբերության մասին:
 
Հիսուս Քրիստոսին աստվածային հղությամբ ծնել է Սուրբ Կույս Մարիամը: Հիսուսն իր վրա է վերցրել ամբողջ մարդկության մեղքը և խաչվել`   հաղթելով սատանային: Տիրոջ փրկությամբ մարդկությունը միացել է ստեղծողին՝ Արարչին:
 
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո նրա աշակերտները՝ առաքյալները, տարածեցին Քրիստոսի փրկության ավետիսը՝ բարի լուրը: Նոր կտակարանում են զետեղված նաև առաքյալների նամակները, որտեղ ամփոփված է Տիրոջ խոսքը՝ ուղղված քրիստոնյաներին, նաև Հայտնությունը, որտեղ պատմվում է աշխարհի վախճանի մասին: 
 
Հին կտակարանը գրված է հին եբրայերենով, մասամբ՝ արամերենով, Նոր կտակարանը՝ հիմնականում հին հունարենով: Աստվածաշունչը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն թարգմանվել է V դարում՝ գրերի գյուտից անմիջապես հետո:
 
Թարգմանել են Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը և նրանց աշակերտները: Աստվածաշնչի  հայերեն թարգմանությունն այնքան բարեխիղճ ու կատարյալ է, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661-1719թթ.) համարել է «Թագուհի թարգմանությանց»:
 
V դարից Աստվածաշունչը մեկնաբանել են հայ աստվածաբանները, գրել աշխատություններ: Աստվածաշունչը մեծապես նպաստել է քրիստոնյա ժողովուրդների մտավոր ու հոգևոր զարգացմանը: Աստվածաշնչյան թեմաներով ստեղծվել են գրական և գեղարվեստական բազմաթիվ երկեր:
 
Աստվածաշունչյան պատվիրանները հորդորում են, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով ու ամբողջ էությամբ, սիրենք ընկերոջը և նրա համար անենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, որ մեզ համար անեն: Հայաստանում վերջին տարիներին լույս են տեսել մանկական Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: