Հանրագիտարան

Տեղի է ունեցավ Երևանի ժողովրդական համալսարանի բացումը

1919թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ`   Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Համալսարանի բացմանը մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի`   1920թ.-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ`   պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս:

 

Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի`   պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:  

 

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով 1920թ.-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

 

Նախորդ դարասկզբի 20-ական թթ. համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ`   Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի`   սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ`   Հասարակագիտական և Բնագիտական: Իսկ արդեն 1921թ.-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ`   Բնագիտական, Արևելագիտական, Տեխնիկական, Մանկավարժական և Խորհրդային շինարարության:

 

Այնուհետև Բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922թ.-ի մարտին բացվեց նաև Բժշկական ֆակուլտետը: Կառավարության 1923թ.-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն`   ժողհամալսարանը վերանվանվեց պետական համալսարան: Ըստ այդմ`   բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները:

 

Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: