Հանրագիտարան

Կարպ Խաչվանքյան

Դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է: Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ:

Կարպ (իսկական անունը`   Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին: 1928թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1944թ. ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Նույն թվականին նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը: 1984-1988թթ. Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:

 

Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր (Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետում), ապա խաղացել է Ալդեմարոյի (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ Հիտի (Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան»), Սուրենի (Արամաշոտ Պապայանի «Մեծ հարսանիք»), Կնյազի (Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի»), Պետրուչչոյի (Վիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը») և այլ դերեր:
 
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ: Նկարահանվել է նաև կինոյում («Արարատյան դաշտի աղջիկը», 1949թ., «Պատվի համար», 1956թ., «Ճանապարհ դեպի կրկես», 1963թ., «Ատամնաբույժն արևելյան», 1981թ.): Պարգևատրվել է ՀՀ Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998թ.):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: