Հանրագիտարան

Ալան Հովհաննես

Ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը (իսկական անունը`   Ալան Հարությունի Չաքմաքչյան) ծնվել է 1911թ.-ի մարտի 8-ին: Նրա երաժշտությունը հասանելի է ունկնդի համար ու օժտված է խորհրդավորությամբ և ինքնահայեցողականությամբ: Նա համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը: Գրել է 67 սիմֆոնիա (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվն անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ:

Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը, Ադանայից էր: Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո: Նա բազմաթիվ գրքերի, նաև հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է: Երկու տարի շարունակ Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն եղել: Մայրը ծագումով շոտլանդացի էր:

Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում: 14 տարեկանում չնայած ծնողների լուրջ դիմադրությանը՝ գրել է առաջին օպերաները: «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե նկատեին ինձ nստեղծագործելիս, կվերցներին նոտաները: Ստիպված գրում էի գիշերները լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»,-պատմել է երգահանը:
 
Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում: Ա.Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում: Ինքնահաստատվել է, երբ որպես երգեհոնահար սկսել է ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում: Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին`   Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել օտար և վտարանդի:
 
Շատ հաճախ հանուն օրվա հացի նվագել է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցել երաժիշտների ու երգիչների: Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում նա համարում է իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան:
 
Ցավոք, ներշնչված այդ գաղափարներով`   մի օր նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում`   2 օպերա, 7 սիմֆոնիա: Միայն 50 տարի անց մեկնաբանելով իր խելացնոր արարքը՝ Հովհաննեսը ժպիտով «արդարանում» է՝ «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»: 1940-ականներին Հովհաննեսի կյանքում սկսվում է հայկական շրջանը:
 
Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, նվագում իր հայկական ստեղծագործությունները: 1950-ական թթ. նա ԱՄՆ-ում արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար և հանրահայտ երաժիշտների կողմից պարբերաբար ստանում էր մեծաքանակ պատվերներ: Նրան շնորհվում են ակադեմիական բարձր տիտղոսներ և տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից Պատվավոր դոկտորի կոչումներ:
 
1960-1970թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների ձայնագրությունների և տարածման փառահեղ հաղթարշավի: Նա ճանաչվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր: 1977թ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիայի ընտրությամբ նա դառնում է պատվավոր անդամ: 85 տարեկանում նա դեռ ստեղծագործում էր: Մահացել է 2000թ. հունիսի 21-ին ծանր հիվանդությունից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: