Հանրագիտարան

Ջոակինո Անտոնիո Ռոսինի

Ջոակինո Անտոնիո Ռոսինին իտալացի կոմպոզիտոր է: Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի: Երբ տղայի երաժշտական տաղանդն առավել ակնհայտ է դրսևորվում, նրան ուղարկում են Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու:

1807 թվականին Ռոսինին կոմպոզիցիայի դասեր է ստանում աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց պարզ կոնտրապունկտի դասերը սերտելուն պես ընդհատում է ուսումը, քանի որ ուսուցիչը կարծում էր, որ Ջոակինոն արդեն իսկ պատրաստ էր օպերա գրելու:

Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար»-ը:
 
Հենց սա էլ դրդում է Ռոսինիին գործի լծվել: 1812թ. գրում է հինգ օպերա: Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվում է «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն են ունենում:
 
Ռոսինիին մեծ ճանաչում բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816թ.-ին բեմադրված «Սևիլյան սափրիչը»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանզի մարդիկ համարում էին համարձակություն, որ ինչ-որ մեկը հանդգնել է նույն սյուժեով օպերա գրել Ջովանի Պաիզիելոյից հետո:
 
Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին: Երկրորդ ներկայացումը թեև թևաթափված Ռոսինին չի ղեկավարում, սակայն այն ունենում է արբեցնող հաջողություն: Հասարակությունը նույնիսկ այդ առթիվ ջահերով երթ է կազմակերպում:
 
Նույն տարում Նեապոլում բեմադրվում է «Օթելլո» օպերան, որում Ռոսինին դուրս է մղում սիմետրիկ ռիթմ չունեցող վոկալ երաժշտական ձևը, ապա «Մոխրոտը»՝ Հռոմում, «Գող կաչաղակը»՝ 1817 թվականին Միլանում:
 
1815-23թթ. Ռոսինին պայմանագիր է կնքում թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել: Այդ շրջանում Բարբայայան ոչ միայն Նեապոլի թատրոնն էր կառավարում, այլև «Լա Սկալա» թատրոնը Միլանում և Իտալական թատրոնն Վիեննայում:
 
1821 թվականին Ռոսինին ամուսնանում է երգչուհի Իզաբելա Կոլբրանի հետ: 1823թ.-ին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերով կոմպոզիտորը մեկնում է Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հնգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ ստերլինգ: 1824թ.-ին Ռոսինին Փարիզում ստանում է Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը: Կոմպոզիտորը մահացել է 1868թվականին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: