Հանրագիտարան

Անտոնիո Վիվալդի

Անտոնիո Լուչիո Վիվալդի (1678թ. մարտի 4, Վենետիկ - 1741թ. հուլիսի 28, Վիեննա), իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր: Ջութակ նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ:

Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է Ջիովաննի Լեգրենցիի և Արկանջելո Կորելլիի մոտ (Հռոմում): 1703թ. սեպտեմբերի 18-ին ձեռնադրվում է հոգևորական: Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ հոգևորական» (իտալ. il Prete Rosso ):

 

1703թ. սեպտեմբերի 1-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո: Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները: 1706թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում:

 

1713թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716թ. նշանակվում համերգների մաեստրո (maestro di' concerti): Այդ տարիներին Վիվալդին գրում է իր երաժշտության առյուծի բաժինը, այդ թվում՝ օպերաներ և համերգներ:

 

1705թ. հրատարակվում է նրա ստեղծագործությունների առաջին հավաքածուն (opus 1), 1709թ`   2-րդ ժողովածուն (12 սոնատ ջութակի և բասսո կոնտինուոյի համար): Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածուի հետ (L'estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ.):

 

Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. "La stravaganza՞ (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ: 1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները դեպի Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներ:

 

Չնայած Վենետիկից իր հաճախ բացակայություններին՝ «Պիետան» շարունակում է նրան ռոճիկ վճարել ամսական երկու համերգ գրելու դիմաց: Որբանոցի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վճարվել է 1723-33թթ. թվով 140 համերգ գրելու համար:

 
1723թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը դեպի Հռոմ, 1724թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար: 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» համերգների շարքը:
 
Մեծ տարածում են ստանում Վիվալդիի համերգները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»:
 
1720-ական թթ. Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է: Նա պատվերներ է ստանում Եվրոպայի միապետներից և ազնվականներից: Իր երկերի 9-րդ ժողովածուն՝ «Կիթար»-ը (La Cetra), ձոնում է Ավստրիայի կայսր Կարլոս VI-ին, իսկ 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում հանդիպել կայսրին անձամբ:
 
Կարլոս VI-ն անքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ ասում են՝ այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր նախարարների հետ երկու տարվա ընթացքում: Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան:
 
Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող: Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կարլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն:
 
Սակայն երգահանի՝ Վիեննա ժամանելուց քիչ անց Կարլոս VI-ը մահանում է: Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի: Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ հետո՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ թաղվելով Վիեննայում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: