Հանրագիտարան

Վարդգես Սուրենյանց

Նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը (1860թ. փետրվարի 27, Ախալցխա - 1921թ. ապրիլի 6, Յալթա) պատմական ժանրի հիմնադիրն է հայ գեղանկարչության մեջ, զգալիորեն նպաստել է գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը:

Վարդգես Սուրենյանցը նկարել է մանկուց: 1868թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ: 1870-1875թթ. սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1875-1878թթ.՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1879թ.՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության, 1880-1885թթ.՝ գեղանկարչության բաժիններում: 1881թ. ճամփորդել է Իտալիայում, Սբ. Ղազար կղզում ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը:

 

1885-1887թթ. Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայել է Պարսկաստանի Թավրիզ, Թեհրան, Շիրազ և Մազանդարան քաղաքներում, մի քանի ամիս եղել է Սպահանում, ստեղծել է մի շարք կտավներ արևելյան թեմաներով: 1890-1891թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն: Էջմիածնում ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ:
 
1892թ.-ից մասնակցել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, ինչպես նաև նկարիչների մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի, Կուինջիի անվան ընկերությունների ցուցահանդեսներին, մտերիմ էր ռուս նշանավոր արվեստագետների (նկարիչներ Իլյա Ռեպին, Ալեքսանդր Գոլովին, քանդակագործ Ալեքսանդր Մատվեև և ուրիշներ) հետ: 1894թ. «Լքյալը» նկարով մասնակցել է Պերեդվիժնիկների ընկերության ցուցահանդեսին:
 
Այդ շրջանում եղել է Անիում, Սևանում և այլուր, ծանոթացել պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում՝ հայկական նկարազարդ ձեռագրերին: 1897-1898թթ. ճամփորդել է Ֆրանսիայում և Իսպանիայում, ստեղծել գեղարվեստական հրաշալի էտյուդներ («Մզկիթի բակը Ալհամբրայում» («Ալհամբրա»), «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» և այլն):
 
Սուրենյանցը 1890-ական թվականներին ստեղծել է Հայաստանի պատմությունն ու ներկան, XIX դարի հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպն արտացոլող կտավներ: «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899 թ.) նկարում նկարիչն արտահայտել է իր մտորումները հայ ժողովրդի անցյալի մասին: 1905-15թթ. Սուրենյանցն ապրել է Սանկտ Պետերբուրգում: Ցնցված Մեծ եղեռնից՝ մեկնել է Թիֆլիս, Էջմիածին, ստեղծել է փախստական-գաղթականների բազմաթիվ էտյուդ-դիմանկարներ:
 
1916թ. Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հիմնադրել է Հայ արվեստագետների միությունը: Մ. Սարյանի հետ նկարազարդել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն (1916 թ., Մոսկվա): 1917թ.-ից աշխատել է Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզների վրա, որոնք, սակայն, չի ավարտել:
 
Սուրենյանցն ստեղծել է XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք: «Ոտնահարված սրբություն» (1895թ.) կտավում արտահայտել է թուրք իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի և նրա մշակույթի նկատմամբ:
 
Հայոց ճակատագրի և անցյալի մասին իր մտորումները նկարիչը մարմնավորել է «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ» (1897թ.), «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905թ.), «Մկրտիչ Խրիմյան» (1906թ.), «Սալոմե» (1907թ.), «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909թ.), «Ֆիրդուսին կարդում է «Շահնամե» պոեմը Մահմուդ Ղազնևիին» (1913թ.) կտավներում:
 
Սուրենյանցը նաև փայլուն դիմանկարիչ և բնանկարիչ է, խոշորագույն գրաֆիկն ու բեմանկարիչը արևելահայ կերպարվեստում: 1899թ. Սուրենյանցի ձևավորումով լույս է տեսել Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը: Արժեքավոր են նաև Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» (1909թ.), հայկական հեքիաթների («Օձամանուկ և Արևհատ», «Գառնիկ ախպեր», «Իմաստուն օձը» (1906-1914թթ.) և այլ գրքերի ձևավորումները:
 
1901թ. Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ձևավորել է Անտոն Ռուբինշտեյնի «Դև» օպերայի, 1904թ. Մոսկվայի գեղարվեստական թատրոնում՝ Մորիս Մետեռլինկի «Կույրերը», «Այնտեղ՝ ներսում», «Անկոչը», 1905թ.՝ Անտոն Չեխովի «Ճայ» ստեղծագործությունների բեմադրությունները և այլն:
 
Սուրենյանցը բնագրերից թարգմանել է Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»-ը (1889թ. ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ դերասան Պետրոս Ադամյանին), «Ամառային գիշերվա երազը», սոնետների մի մասը, Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի բանաստեղծություններից և այլ գործեր:
 
Հայկական թերթերում և ամսագրերում հրապարակած հոդվածաշարերով Սուրենյանցը ներկայանում է որպես պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության և արվեստի տեսաբան. նա մշակել է հայ ճարտարապետական կոթողները վերականգնելու մեթոդներ: 
 
Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին: Նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ ժամանակի նշանավոր մտավորականներից էր:
 
Սուրենյանցի «Սալոմե» կտավը ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված (1912թ.) և Վենետիկի համաշխարհային (1914թ.) ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում (1901թ.) և Երևանում (1931թ., 1960թ.`   հետմահու): Նրա «Աստվածամայրը գահի վրա» (1895թ.) նկարը գտնվում է Էջմիածնի Մայր տաճարում: Ախալցխայում Սուրենյանցի տան պատին տեղադրվել է նրա հարթաքանդակը (2009թ., քանդակագործ`   Լևոն Գրիգորյան):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: