Հանրագիտարան

Անդրե Ժիդ

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1947թ.) Անդրե Ժիդը (ֆրանսերեն Andre Gide, 1869թ., նոյեմբեր 22 - 1951թ., փետրվար 19) ծնվել է Փարիզում:

Տասնմեկ տարեկանում զրկվելով հորից`   Ժիդն ստանում է խստաշունչ մոր դաստիարակությունը։ Ուսանում է Մոնպելյեի Ալզասյան լիցեյում։ Տասնհինգ տարեկանից մաքրամաքուր զգացմունքներով կապվում է զարմուհու`   Մադլեն Ռոնդոյի հետ։ Այս զգացմունքներն արտահայտում է «Անդրե Վալտերի տետրերը» (1891թ.) և «Անդրե Վալտերի բանաստեղծությունները» (1892թ.) արձակ բանաստեղծությունների ժողովածուներում։

 

Այնուհետև ծանոթանում է Պոլ Վալերիի և Ստեֆան Մալարմեի հետ, հաճախում Հերիդայի հյուրասրահ, որտեղ հավաքվում էին պառնասականները։ Այստեղ որոշում է դառնալ սիմվոլիստական վեպի խոշորագույն դեմքը, ինչպես Մալարմեն`   պոեզիայում, իսկ Մորիս Մետերլինկը`   թատրոնում։ Գրում է «Տրակտատ Նարգիզի մասին» (1893թ.) էսսեն։
 
Քսանչորս տարեկանում մեկնում է Ալժիր, ապա Թունիս`   թոքախտից ապաքինվելու։ Նրան ուղեկցում է նկարիչ Պոլ Լորանսը։ 1895թ.-ին մոր մահից հետո ամուսնանում է Մադլեն Ռոնդոյի հետ և նրա հետ կրկին մեկնում Աֆրիկա։ Նույն թվին հրատարակում է «Խրուտներ» սոտին, որը Պոլ Կլոդելի կարծիքով ամենաամբողջական փաստաթուղթն է 1885 - 1890թթ. փարիզյան գրական աշխարհի մասին։
 
Միաժամանակ աշխատում է «Երկրային կերակուրներ» քնարական գործի վրա, որը հրատարակվում է 1897թ.-ին։ 1909թ.-ին Կոպոյի և Շլեմբերժեի հետ միասին հիմնում է «Նուվել ռըվյու ֆրանսեզ» գրական հանդեսը, որտեղ նույն թվականին լույս է ընծայում «Նեղ դուռը»։
 
1914թ.-ին հրատարակում է «Վատիկանի նկողները» սոտին, որը կարելի է նաև վեպ համարել։ Սրան հաջորդում է «Հովվերգական սիմֆոնիա» սիմվոլիստական վիպակը, ապա`   «Եթե հատիկը չմեռնի» (1920թ.) ինքնակենսագրական պատմվածքը։ Ժիդի միակ վեպը`   «Դրամանանենգները» (1925թ.), բարդ վեպ է, որում նա անդրադառնում է գրականության ստեղծման խնդրին։
 
Ժիդն Աֆրիկայում ճանապարորդելուց հետո հանդես է գալիս գաղութատիրության չարաշահումների դեմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» (1927թ.) և «Վերադարձ Չադից» (1928թ.)։ 1931թ.-ին հրատարակում է «Էդիպ» թատերգությունը։
 
Այնուհետև ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936թ.-ի հուլիսին ճանապարհորդում է ԽՍՀՄ-ում։ Ուղևորությունից վերադառնում է ամբողջովին հիասթափված և գրում «Վերադարձ ԽՍՀՄ»-ից (1936թ.)։ Կոմունիստներն այս գործի համար չներեցին նրան։
 
1938թ.-ին մահանում է կինը։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ժիդը տպագրում է իր գիտակցական կյանքի հիսուն տարիների ամփոփումը՝ «Օրագրեր» (1898-1939թթ) խորագրով։ Պատերազմի տարիներին աքսորվում է Թունիս։ 1946թ.-ին տպագրվում է «Թեսևս» դրաման։
 
1947թ.-ին արժանանում է Նոբելյան մրցանակի։ 1950թ.-ին գրական աշխարհը մի վերջին անգամ ողջունում է մեծանուն գրողին`   դիտելով Կոմեդի-Ֆրանսեզի բեմադրած «Վատիկանի նկուղները»։ Մահկանացուն կնքել է 1951թ.-ին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: