Հանրագիտարան

Մոլիեր

Ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, թատերական գործիչ Մոլիերը ռեալիստական դրամատուրգիայի և բարձր կամ նոր կատակերգության հիմնադիրներից է, թատերարվեստի բարեփոխիչներից:
Մոլիերը (իսկական անուն-ազգանուն՝ Ժան-Բատիստ Պոքլեն) 1639թ. ավարտել է Կլերմոնի ճիզվիտական քոլեջը: 1643թ. Մոլիեր կեղծանվամբ մի քանի դերասանների հետ ստեղծել է «Փայլուն թատրոնը»: 1645-58թթ. խաղընկերների հետ շրջագայել է Ֆրանսիայի գավառներում: Թատերախմբի համար գրել է փոքրածավալ ուրախ կատակերգություններ և ֆարսեր («Ճարպիկը կամ խոչընդոտները», 1663թ., «Սիրային անախորժություններ», 1663 թ.), որոնց սյուժեները փոխառված են իտալական պիեսներից:
 
Մոլիերը, հենվելով ֆրանսիական ժողովրդական թատրոնի ավանդույթների և Վերածննդի մարդասիրական գաղափարների վրա, օգտագործելով կլասիցիզմի փորձը, ստեղծել է սոցիալ-կենցաղային կատակերգության ժանրը: Նա իր կատակերգություններով («Ծիծաղելի սեթևեթուհիները», 1660թ., «Տղամարդկանց դպրոցը», 1661թ.) արտահայտել է գեղարվեստական նոր սկզբունքներ՝ իրականության ճշմարտացի պատկերում, կերպարների անհատականացում:
 
«Կանանց դպրոցի քննադատությունը» (1663թ.) և «Վերսալյան էքսպրոմտ» (1682թ.) պիեսներում հաստատել է իր գեղագիտական ըմբռնումները: Մոլիերի տաղանդն ավելի վառ արտահայտվել է «Տարտյուֆ» (1669թ.), «Դոն Ժուան» (1683թ.) կատակերգություններում, որտեղ ծաղրել է բարեպաշտության և առաքինության դիմակի տակ թաքնված հասարակության երկերեսանիությունը, ազնվականության հոգևոր սնանկությունն ու անբարոյականությունը:
 
Մոլիերի ազատախոհական գաղափարախոսության, ազնվական իշխող խավի սպանիչ քննադատության համար երկար ժամանակ արգելվել են «Տարտյուֆի» և «Դոն Ժուանի» բեմադրությունները: «Միզանտրոպ» (1667թ.) կատակերգության մեջ Մոլիերն անխնա քննադատել է իշխող խավի արատները, մերկացրել չարիքի արմատները: Նրա վճռականությունը և անհաշտվողականությունն արտահայտվել են հատկապես հասարակ մարդկանց՝ գործունյա, խելացի, կենսուրախ սպասավորների և սպասուհիների կերպարներում («Ժլատը», 1668թ., «Քաղքենին ազնվական», 1671թ., «Երևակայական հիվանդ», 1674թ.):
 
Մոլիերի պիեսներում իրականության երգիծական պատկերման գույները խիստ չափազանցված և խտացված են: Նա ֆրանսիական կատակերգությունը բարձրացրել է դասական արվեստի մակարդակի՝ պահպանելով նրա օրգանական կապը ժողովրդական ֆարսի («Սկապենի արարքները», 1676թ.) հետ: Մեծ է Մոլիերի պատմական դերը ֆրանսիական կատակերգության հետագա զարգացման գործում՝ Ժան-Ֆրանսուա Ռենյարից մինչև Պիեռ Օգյուստեն Բոմարշե:
 
Մոլիերի ստեղծագործությունն ազդել է նաև հայ գրողների (Խորեն Գալֆայան, Նիկողայոս Փուղինյան, Գաբրիել Սունդուկյան, Հակոբ Պարոնյան) վրա: XIX դարից հայ թատրոնում բեմադրվել են Մոլիերի պիեսները՝ «Դոն Ժուան», «Երևակայական հիվանդ», «Տարտյուֆ», «Քաղքենին ազնվական», «Սկապենի արարքները», «Ժորժ Դանդեն», «Բռնի ամուսնություն», «Ագահը» և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: