Հանրագիտարան

Արամ Ղանալանյան

Հայագետ, բանագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և գիտության վաստակավոր գործիչ Արամ Ղանալանյանը ծնվել է 1909թ. փետրվարի 12-ին Ախալցխայում։ Ակադեմիկոս, նշանավոր հայագետ Արամ Ղանալանյանը մեծ ներդրում ունի հայ բանագիտության զարգացման մեջ։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Ախալցխայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի 72-րդ միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևան։

1927թ.-ին ընդունվում է Երևանի պետհամալսարանի պատմագրական ֆակուլտետը՝ աշակերտելով ժամանակի անվանի հայագետներ Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին: 1932 թվականին իր համալսարանական դասախոս Ցոլակ Խանզադյանի հանձնարարականով և Կ. Մելիք-Օհանջանյանի օժանդակությամբ Ա. Ղանալանյանն աշխատանքի է ընդունվում Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտ: 

 

Սկզբում կրտսեր, ապա ավագ գիտաշխատողի պաշտոններով նա աշխատում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի (Արմֆան) տարբեր անուններով կոչվող տարբեր ինստիտուտներում, իսկ 1943 թվականից, երբ կազմակերպվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, նա նշանակվում է գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ և շուրջ 16 տարի (1943-1959 թթ.) վարում է այդ պաշտոնը՝ ուղղություն տալով խորհրդահայ բանագիտական մտքի զարգացմանը:
 
1941թ.-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն («Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը»), 1970թ.-ին`   դոկտորական ատենախոսություն («Հայ ժողովրդական ավանդությունները»): Իր գիտական ծանրակշիռ վաստակի համար Ա. Ղանալանյանը 1965թ.-ին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1977թ.-ին`   ակադեմիկոս: 1967թ.-ին նրան շնորհվում է գիտության վաստակավոր գործչի պատվանուն:
 
Իր գիտակազմակերպական արդյունավետ աշխատանքներին զուգահեռ նա այդ տարիներին դառնում է բանագիտական կադրերի ամենաարդյունավետ պատրաստողը: Անցյալ դարի կեսերի բանագետների սերնդի մեծամասնությունը եղել է Ա. Ղանալանյանի աշակերտն ու հետնորդը: Նա երկար ժամանակ ժողովրդական բանահյուսություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական, հեռակա մանկավարժական ինստիտուտներում:
 
Ա. Ղանալանյանը երկար տարիներ եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ: Ա. Ղանալանյանը կյանքի նոր պայմաններում շարունակողն ու զարգացնողը եղավ հայ բանագիտության դասական ավանդների, որոնց սկզբնավորողներից մեծագույնն իր սիրելի ուսուցչապետ Մանուկ Աբեղյանն էր: Ականավոր գիտնական է եղել նաև Արամ Ղանալանյանի եղբայրը Հովհաննես Տիգրանի Ղանալանյանը։ Ա. Ղանալանյանը վախճանվել է Երևանում 1983 թվականին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: