Հանրագիտարան

Զապել Եսայան

Հայ գրող, հրապարակախոս Զապել Եսայանը (1878թ. փոտրվարի 4 Կ. Պոլիս - Սկյուտար, 1943թ.) ավարտել է Սկյուտարի Սբ. Խաչ վարժարանը (1892թ.), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895թ.-ին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։

Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905թ., «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905թ.,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906թ., «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907թ.) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ 

 

Եսայանը 1908թ.-ին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909թ.-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։
 
Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» գրքում (1911թ.), «Անեծքը» (1911թ.) և «Նոր հարսը» (1911թ.) պատմվածքներում։ 1915թ.-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, Եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։
 
1918թ.-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916թ.), «Հոգիս աքսորյալ» (1919թ.) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։
 
1926թ.-ին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» գրքում (1928թ.): 1933թ.-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետերլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: