Հանրագիտարան

Ֆելիքս Մենդելսոն

Գերմանացի երգահան և դիրիժոր (1809թ. փետրվարի 3, Համբուրգ - 1847թ. նոյեմբերի 4, Լայպցիգ), երաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության խոշորագույն ներկայացուցիչ Ֆելիքս Մենդելսոնի դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է մայրը: Կոմպոզիցիայի և դաշնամուրի դասեր է առել նաև ժամանակի հայտնի երաժիշտներից:

9 տարեկանից ելույթներ է ունեցել, հռչակվել որպես վիրտուոզ դաշնակահար, իսկ 11 տարեկանից ստեղծագործել է: 1829թ.-ից Մենդելսոնը համերգներով շրջագայել է Անգլիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր:

 

Նույն թվականին Բեռլինում նրա ղեկավարությամբ կատարվել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը`   սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատման: Մենդելսոնի գլխավորությամբ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Դյուսելդորֆում և Լայպցիգում: 

 
1835թ.-ից եղել է «Գևանդհաուզ» նվագախմբի դիրիժորը: 1841թ. կոմպոզիտորին հրավիրել են Բեռլին աշխատելու: Մեկ տարի անց վերադարձել է Լայպցիգ: 1843թ. հիմնել է Գերմանիայում առաջին կոնսերվատորիան, ղեկավարել կոմպոզիտորական լայպցիգյան դպրոցը: Չնայած ռոմանտիկական նոր միտումներին՝ նրա արվեստը միաժամանակ սերտորեն կապված է XVIII–XIX դարերի դասական երաժշտության ավանդույթներին:
 
Ժանրային վառ երանգավորում ունեն Մենդելսոնի «Շոտլանդական» և «Իտալական» սիմֆոնիաները: Նա հիմք է դրել նաև սիմֆոնիկ երաժշտության նոր ժանրի՝ ռոմանտիկական ծրագրային կոնցերտային նախերգանքի («Ամառային գիշերվա երազը», «Խաղաղ ծով և երջանիկ նավարկություն», «Հեբրիդներ» կամ «Ֆինգալյան քարայր» և այլն):
 
Համաշխարհային հռչակ են վայելում նրա Ջութակի կոնցերտը, դաշնամուրի 2 կոնցերտները, հատկապես՝ «Երգեր առանց խոսքի» նուրբ մանրանվագները (48): Մենդելսոնը գրել է նաև 5 սիմֆոնիա, լարային անսամբլներ, կանտատներ, երգեր և ռոմանսներ: Գերմանական օրատորիայի պատմության մեջ արժանի տեղ ունեն նրա «Պողոս» և «Եղիա» գործերը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: