Հանրագիտարան

Վաղարշ Վաղարշյան

Հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Վաղարշ Վաղարշյանը (1894թ. փետրվար 2-1959թ. մայիսի 6) եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941 և 1952 թթ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939թ.-ից:

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի թեմական դպրոցում։ 1907թ.-ին երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս: Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարնվում է առևտրական ուսումնարանով: 1912թ. Մայսուրյանի, Միրաղյանի, Հասմիկի և այլոց հետ Վաղարշյանը հյուրախաղերի է մեկնում Գյանջա: Աննշան է լինում նրա մասնակցությունն այդ ներկայացումներին (ավելի շատ հուշարար էր Վաղարշյանը, քան դերասան):

 

1913թ. Հովհաննես Թումանյանի հիմնադրած Կովկասյան հայ գրողների ընկերությանն առընթեր ստեղծվում է սկսնակ գրողների ընկերություն, որի անդամն է դառնում Վաղարշյանը: Ապագա դերասանի կենսափորձը հարստացնում են նրա կյանքի հաջորդ դրվագները՝ ուսուցչություն հեռավոր Արդանուշի շրջանի Տանձուտ գյուղում, ապա նաև ծառայություն Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում:
 
Բաքվում կազմակերպված մի թատերախմբի հետ նա մեկնում է հյուրախաղերի Հյուսիսային Կովկաս՝ Ղզլար, Ղուբա, Մոզդոկ, ապա Կրասնոդար, Ռոստով, Արմավիր և այլուր: Շրջագայող այս և ուրիշ խմբերում Վաղարշյանն անում է դերասանական առաջին քայլերը՝ դրամաներ, մելոդրամաներ, կոմեդիաներ, ոդևիլներ, օպերետներ: Եթե սկզբում երիտասարդ դերասանը խաղում է համեմատաբար աննշան դերեր, ապա հաջորդ տարին նրան վիճակվում է հանդես գալ խոշոր դերերով՝ Սեյրան, Օթարյան, Կրեչինսկի, Ֆերդինանդ:
 
Վաղարշյանի գործունեության առաջին շրջանը (1914-1923թթ.) Հյուսիսային Կովկասում որոշիչ եղավ Վաղարշյանի նաև քաղաքացիական նկարագրի ձևավորման համար, որը և հետագայում պայմանավորեց նրա արվեստի ուղղությունն ու բովանդակությունը:
 
Այդ տասնամյակում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունը, բռնկվեցին քաղաքացիական կռիվներ: Երիտասարդ դերասանը հեղափոխական ժողովրդի հետ էր: 1923թ.-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում, դառնում Առաջին պետական թատրոնի դերասան: Սկսվում է նրա գործունեության հասուն շրջանը՝ ամեն ինչով տարբերվող նախորդից, ամենից առաջ՝ խաղացանկով:
 
Հյուսիսային Կովկասում առաջին դերասանի դիրքի և առաջնակարգ դերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր դերասանական անձնակազմի հետ: Այստեղ անցկացրած առաջին տասնամյակը նրա համար դառնում է ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ:
 
Ամենատարբեր բնույթի ու ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս դերասանի տաղանդին, և նա դառնում է թատրոնի առաջին անուններից մեկը: 1941-1949թթ.-ին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
 
Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ. Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-1932թթ.), Մաքսիմ Գորկու «Դոստիգան և ուրիշներ» (1934թ.), «Վասա Ժելեզնովա» (1937թ.) և այլ դրամաներ։ 1944թ.-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում։ Նկարահանվել է նաև կինոյում։
 
Առաջին դրամաները գրել է 1918-1920թթ.-ին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»): ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Մահացել է Մոսկվայում, աճյունը տեղափոխվել է Երևան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: