Հանրագիտարան

Օդրի Հեփբերն

Օդրի Հեփբերն (1929թ. մայիս 4 - 1993թ. հունվար 20) պարուհի, ֆոտոմոդել, նորաձևության աստղ, դերասանուհի և հումանիստ։ Ծնվել է Բելգիայում Օդրի Քեթլին Րասթոն անվամբ, հետագայում վերագրանցվել է որպես Օդրի Քեթլին Հեփբերն-Րասթոն։
Մանկությունը և պատանեկությունն անց է կացրել Նիդերլանդներում։ Ապրել և գործել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում՝ իր փայլուն գործունեությամբ դառնալով կինոյի գերաստղ, նորաձևության աշխարհի դիցուհի, UNICEF կազմակերպության «բարի կամքի դեսպան»։
 
Մանկության տարիներին սովորել է Լոնդոնում, որտեղ նաև զբաղվել է բալետով՝ նպատակ ունենալով դառնալ պարուհի: Մեծ դառնությամբ է հետագայում հրաժարվել իր այդ երազանքից, երբ պարզվել է, որ ֆիզիկական պարամետրերով չի բավարարում պրիմա բալերինայի պահանջներին։ Դերասանական առաջին փորձերն արել է բրիտանական մի քանի երաժշտական ֆիլմերում։
 
Հոլիվուդյան կինոյի առաջին իսկ գլխավոր դերի համար Օդրին արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, Հոլիվուդյան «Ոսկե Գլոբուս» մրցանակի և բրիտանական կինոակադեմիայի «BAFTA» մրցանակի։ «Սաբրինա» ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթանանալով ֆրանսիացի նորաձևության դիզայներ կոմս Հուբերտ Դ՛Ջիվենշիի հետ՝ դարձել է Ջիվենշի բրենդի ներկայացուցիչն ու քարոզողը և Հուբերտ Դ՛Ջիվենշիի մտերիմ ընկերն ու մուսան։ 
 
Իսկ Ջիվենշին դարձել է Օդրիի միակ գործընկերը հետագա բոլոր ֆիլմերի նկարահանման ժամանակ, ինչպես նաև նրա անձնական զգեստերի մեծ մասի դիզայները, և իր առաջին L'Interdit օծանելիքն ստեղծել է Օդրի Հեփբերնի համար։ Օդրի Հեփբերնի անունն ընդգրկված է միջազգային լավագույն զգեստակիրների ցանկում և Ամերիկյան կինոակադեմիայի հրապարակած ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկի պատվավոր 3-րդ տեղում:
 
80-90-ականներին Օդրի Հեփբերնն իր ժամանակի մեծ մասը նվիրել է UNICEF կազմակերպությանը՝ աշխատելով Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի առավել կարիքավոր երկրներում, ինչի համար 1992 թվականին արժանացել է ԱՄՆ նախագահական մեդալի: Մահացել է քաղցկեղից 1993թ.-ին 63 տարեկան հասակում Շվեյցարիայի իր տանը։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: