Հանրագիտարան

Չեխիա և Սլովակիա պետությունների կազմավորումը

Չեխոսլովակիայի տարածքում կազմվեց երկու նոր պետություն՝ Չեխիան և Սլովակիան: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Տոմաշ Մասարիկի և Էդվարդ Բենեշի ջանքերով ստեղծվեց Չեխոսլովակիան`   որպես Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ պետություններից մեկը: 1918-1938 թվականներին գոյատևեց Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունը: 1928-1938թթ. այն բաղկացած էր չորս հիմնական մասից`   Բոհեմիա, Մորավիա-Սիլեսիա, Սլովակիա, Անդրկարպատ:
1938 թվականին Մյունխենի խորհրդաժողովի ընթացքում Հիտլերի պահանջով Սուդետիան անջատվեց Չեխիայից ու բռնակցվեց Գերմանիային: 1939 թվականին Նացիստական Գերմանիան չեխական մասը ամբողջովին զավթեց`   հիմնադրելով Բոհեմիայի և Մորավիայի Պրոտեկտորատը, իսկ սլովակական մասը վերածեց տիկնիկային պետության:
 
1945 թվականին Չեխոսլովակիան նորից անկախացավ, սակայն Անդրկարպատն արդեն բռնակցվել էր Խորհրդային Միությանը: Երրորդ հանրապետությունը գոյատևեց ընդամենը 3 տարի`   1945-1948թթ.: 1948 թվականին հաստատվեց կոմունիստական վարչակարգը: 1960 թվականին երկիրը վերանվանվեց Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության:
 
Կոմունիստական վարչակարգը վերջնական փլուզվեց 1989 թվականի Թավշե հեղափոխության հետևանքով: 1990-1992թթ.  երկրի անունը Չեխ և Սլովակ Դաշնային Հանրապետություն էր: 1992 թվականի դեկտեմբերի 31-ին Չեխոսլովակիան դադարեց գոյություն ունենալ, հաջորդ օրվանից`   հունվարի 1-ից, նրա տարածքում կազմվեց երկու նոր պետություն՝ Չեխիան և Սլովակիան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: