Հանրագիտարան

Հիմնադրվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը

Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու եռանդուն ջանքերով և նրա նախագծած ծրագրով 1824թ.-ի դեկտեմբերի 1-ին հիմնադրվել է Ներսիսյան դպրոցը: Հայկական միջնակարգ դպրոցների մեջ ամենանշանավորն է և բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցից դուրս են եկել մեծ թվով հայ գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ:
Ներսիսյան դպրոցը հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկն է եղել և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում: Դպրոցի առաջին տեսուչն է եղել հայ նոր գրականության ռահվիրաներից մեկը`   բանաստեղծ Հարություն Ալամդարյանը: 
 
Իր գոյության հարյուր տարվա ընթացքում Ներսիսյան դպրոցը հայ ժողովրդին տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության ու կուլտուրայի շուրջ 2000 անխոնջ մշակ, որոնք գերազանցապես գործել են հայկական անդաստանում:
 
Ներսիսյան դպրոցում են սովորել հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը, հերոս զորավար Գայը`   Հայկ Բժշկյանցը, հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը և ուրիշներ:
 
Այդ դպրոցում են սովորել Կովկասի տարբեր անկյուններից եկած սաներ, որոնց բազմազան բարբառներից պիտի հարստանար ու ձևավորվեր արևելահայ աշխարհաբար լեզուն: Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում: Դպրոցը դադարել է գործել 1924թ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: