Հանրագիտարան

Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837թթ.), սովորել է գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840թթ.-ին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846թթ.-ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։
1846թ.-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ:
 
Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական ատենախոսություն: Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1853-1858թթ.-ին ապրել և աշխատել է Դերբենդում: 1858թ. սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղային վարչությունում։
 
Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է թիֆլիսահայ բարբառով հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել է ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։
 
Նրա ստեղծագործությունը մեծ ազդեծություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա: Հ. Թումանյանը նրան՝ որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու», դասել է Սայաթ-Նովայի կողքին: Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876թ.) կատակերգությունը: Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու պարզ ժողովրդի միջև եղած հակադրությունը:
 
Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է: Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգություն է: Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով:
 
Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր: 1871թ. ապրիլին ներկայացված բեմադրությունն ունեցել է հսկայական հաջողություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: