Հանրագիտարան

Տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի հուշարձանի բացումը

Ծիծեռնակաբերդը հուշարձան է`   նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կառուցված Երևանում՝ համանուն բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ):
Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին: 
 
1965թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր: 1966թ.-ին սկսվեց հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1967թ.-ին:
 
44 մետր բարձրությամբ սյունը խորհրդանշում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում:
 
Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է: Հուշարձանի շուրջը տարածվող այգում ձգվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները:
 
1995թ.-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին: Թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների, այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ:
 
Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Եղեռնի զոհերի հիշատակին տնկում են ծառեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: