Հանրագիտարան

Երևանում բացվել է Հայաստանի ազգային գրադարանը

Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը`   «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը`   «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը`   «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):
Գրադարանի հավաքածուն 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են:
 
ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը:
 
1925-1990թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:
 
Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939թ.): Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին`   այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
 
Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ:
 
Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: