Հանրագիտարան

Կորյուն Ազրոյան

Հայ արձակագիր, գրաքննադատ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Կորյուն Ազրոյանը (Կորյուն (Սիսակ) Ղազարի Ազրոյան, 1903թ., նոյեմբերի 7 (հին տոմարով հոկտեմբերի 25-ին) - 1969թ., հոկտեմբերի 27) ծնվել է Բիթլիսի Բուլանըխի գավառի Լիզ գյուղում։ Փրկվելով կոտորածից՝ 1918թ.-ին եկել է Դիլիջան, ապա տեղափոխվել է Թիֆլիս։
Աշխատել է որպես կաշեգործ բանվոր: Հենց այդ տարիներին էլ գրել է առաջին բանաստեղծությունները: 1926թ.-ին ավարտել է Թիֆլիսի բանֆակը, 1932թ.-ին`   Մոսկվայի համալսարանի գրական-խմբագրական ֆակուլտետը: Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է նշանակվել «Պրոլետար» օրաթերթում որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ:
 
1932-33թթ.-ին պատմություն և քաղաքատնտեսություն է դասավանդել կաշեգործարանի ֆաբգործուսում: 1934թ.-ին նշանակվել է Ղարաքիլիսայի (այժմ Վանաձոր) «Սոցարշավ» թերթի խմբագիր, ապա`   Արթիկի «Լեռնագործ» թերթի խմբագիր:
 
Կրկին տեղափոխվել է Թիֆլիս և աշխատել «Պրոլետար» օրաթերթում որպես արվեստի և գրականության բաժնի վարիչ: Այդ տարիներին եղել է Վրաստանի պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղար, հետագայում եղել է Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի նախագահ:
 
1940թ.-ից մինչև կյանքի վերջը ուսուցչություն է արել Թբիլիսիի հայկական դպրոցներում: Եղել է 88-րդ դպրոցի տնօրենն ու հայոց լեզվի և գրականության ուսուցիչը: Վրացերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Սպիտակ արծվի երգը» (Թբիլիսի, 1969թ.) գիրքը: Մահացել է Թբիլիսիում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: