Հանրագիտարան

Գործարկվում է Կապանի պղնձաձուլարանը

1924թ. Թբիլիսիից հանձնաժողով ժամանեց Կապան՝ ուսումնասիրություններ կատարելու: Պղնձի պահանջարկը երկրում այնքան մեծ էր, որ դեռ հանքերը չվերականգնած, օգտագործելով պահպանված հանքաքարի կույտերը, գործարկեցին ձուլարանը: Այդ շրջանում Խորհրդային Միությունում պղինձ չէր արտադրվում: Նոր գործարանը կոչեցին «Կարմիր նոյեմբեր»:
Սկսվեցին հանքերի վերականգնման աշխատանքները, վերանորոգվեցին ձուլարանը, հէկերը, գյուղերից հավաքվեցին նախկին աշխատողները: 1925թ. «Կարմիր նոյեմբեր» գործարանը երկրին տվեց առաջին պղինձը: Մինչ 1927թ. այն աշխատում էր իր կես հզորությամբ:
 
1930-ականներին ավարտվեց ֆրանսիացիների ժամանակ աշխատող հանքերի, ձուլարանների, էլեկտրակայանների և արտադրամասերի վերականգնումը: Կրկնապատկվեց պղնձի ձուլումը: 1930թ.-ից Կապանում սկսվեց նոր հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը: Այն (նաև ստորգետնյա տրանսպորտային հանքուղին) շահագործման հանձնվեց 1935թ.:
 
1937թ. կառուցվեց Ալավերդու գործարանը, և փակվեց Կապանի ձուլարանը. հանքաքարը հարստացուցիչ ֆաբրիկայում հարստացնելուց հետո խտանյութն ուղարկվում էր Ալավերդի: Իսկ 1968 թվականին Կապանում սկսեցին գործել նոր`   ներկայիս հարստացուցիչ ֆաբրիկան, նորակառույց ստորգետնյա տրանսպորտային հանքուղին և մյուս ենթակառուցվածքները:
 
1977թ. ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարությունը որոշեց միավորել Ղափանի պղնձահանքային ձուլարանը և բարձր շահութաբերությամբ աշխատող Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Միացյալ ձեռնարկությունը կոչվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»: Միավորումից հետո Ղափանը դարձավ Քաջարանի կոմբինատի ենթակայության արտադրական միավորում: 
 
2002թ. Կապանի լեռնահարստացման կոմբինատը վաճառվեց շվեյցարական «Դենո» ընկերությանը: 2005թ.-ին կոմբինատի սեփականատերը դարձավ «Վաթրին Ինվեստմենթ» անգլիական ընկերությունը: 2006թ.-ից «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» գլխավոր սեփականատերն է կանադական "Dandee Precious Metals" ընկերությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: