Հանրագիտարան

Մարկ Տվեն

Ամերիկյան դասական գրականության ամենանշանավոր դեմքերից Մարկ Տվենը (1835թ., ք. Ֆլորիդա, Միսսուրիի նահանգ, ԱՄՆ - 1910թ., ք. Ռեդինգ, Քոնեքթիքութի նահանգ, ԱՄՆ) մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ի Հանիբալ փոքր քաղաքում: Հոր մահից հետո ստիպված թողել է ուսումը և աշխատել:
Եղել է լոցմանի օգնական, ոսկեխույզ: Տեղական թերթերում աշխատելով որպես գրաշար և լրագրող՝ լույս է ընծայել առաջին գրական գործերը: Հանդես է եկել սեփական ասմունքով, հովանավորել գյուտարարներին և ինքն էլ գյուտեր է արել: 
 
1853-57թթ. շրջել է ԱՄՆ-ում, 1867թ. մեկնել է Եվրոպա, եղել Պաղեստինում: Այդ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ամփոփել է «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» (1869թ.) գրքում: 1872թ. Հեռավոր Արևմուտքի մասին հրատարակել է «Կոփվածները» ինքնակենսագրական ակնարկների ժողովածուն:
 
Տվենը համաշխարհային ճանաչման է արժանացել «Ոսկեզօծ դար» (1873թ.) վեպով, «Հին ու նոր ակնարկներ» (1875թ.) պատմվածքների ժողովածուներով, «Թոմ Սոյերի արկածները» (1876թ.), «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884թ.) զավեշտական ու ծիծաղելի արկածներով հարուստ վիպակներով: 
 
Գրողի մանկության տարիներն են արտացոլված «Թոմ Սոյերի արկածները» վիպակում: «Հեքլբերի Ֆիննի արկածները» վիպակը գրված է անտուն ու անօթևան Հեքլբերիի անունից: Տվենի գործերում հաճախ կոմիկականը և ողբերգականը միահյուսված են: Նրա հերոսները մեծ սրտի տեր պարզ մարդիկ են և չեն կարող հաշտվել անարդարության, ստրկության հետ:
 
Գրողը քննադատել է նաև գաղութարարությունը և իր համակրանքն արտահայտել տեղաբնիկների նկատմամբ: «Կապիտան Ստորմֆիլդի ուղևորությունն արքայություն» պատմվածքում արտացոլել է իրականության հոռի կողմերը: 
 
1882թ. Տվենը հրատարակել է «Արքայազնն ու աղքատը» վիպակը, որտեղ թագավորության ժառանգորդը՝ արքայազնը, և թշվառ աղքատը փոխում են իրենց «դերերը». արքայազնը ներկայանում է որպես աղքատ, աղքատը՝ արքայազն: Վիպակում այլաբանական պատումի շնորհիվ մերժվում են արտոնյալ ու հասարակ մարդկանց դասային տարբերությունները:
 
Իր երկերում Տվենը հաճախ է շոշափել գիտատեխնիկական նվաճումներին վերաբերող հարցեր: Գրել է պատմվածքներ հեռուստատեսության ու հեռախոսի մասին, հետաքրքրվել գիտության ու տեխնիկայի առաջընթացով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: