Հանրագիտարան

Առաջին անգամ կատարվեց Պ. Չայկովսկու «Չորրորդ սիմֆոնիան»

Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից է, սիմֆոնիայի մեծ վարպետ, հատկապես`   քնարական-դրամատիկական սիմֆոնիայի ժանրում: Պյոտր Չայկովսկին 1850-1859թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865թ. ավարտել է կոնսերվատորիան, աշակերտել է ճանաչված կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնին: 1866-1878թթ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում:

1868թ. գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, 1887թ.-ից հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Չայկովսկին`   որպես արվեստագետ, ձևավորվելով 1860-ական թվականների ժողովրդավարական գաղափարների ազդեցությամբ, ստեղծագործություններում ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է ժողովրդական կենցաղի գունագեղ և բնության բանաստեղծական տեսարաններ:

 

Չայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի, ջութակի, թավջութակի պիեսներ: Նրա լավագույն երկերից են Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ («Պաթետիկական») սիմֆոնիաները, որոնք համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գոհարներից են: 
 
Հանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, դաշնամուրի Առաջին և Ջութակի կոնցերտները: Հասուն շրջանում է գրել իր լավագույն օպերաները՝ «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» (երկուսն էլ ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Օռլեանի կույսը», «Մազեպա», «Չարոդեյկա», «Չերևիչկի», «Իոլանտա»:
 
Չայկովսկու ստեղծագործությունը խոր հետք է թողել ռուսական երաժշտության պատմության մեջ: 1886-1889թթ. Չայկովսկին մի քանի անգամ Թիֆլիսում ներկա է եղել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին, մտերմացել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի հետ, հայկական եկեղեցում լսել ժամերգություն: 
 
Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր: Չայկովսկին Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ էր (1892թ.), Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր (1893թ.): 1958թ.-ից Մոսկվայում անցկացվում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: