Հանրագիտարան

Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովն ընդունեց ՀՀ-ն որպես Եվրախորհրդի լիիրավ անդամ

Եվրախորհուրդը Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո (1949թ.) ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է։ Այն ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ։
ԵԽ-ի նպատակը համակարգված քաղաքականության մշակումը և անդամ երկրներում ընդունված օրենքների ու չափանիշների կիրառումն է։ Կազմակերպության գործունեությունն ընթանում է խորհրդարանականների, նախարարների, կառավարական պաշտոնյաների, փորձագետների, տեղական և տարածաշրջանային միությունների, երիտասարդական, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստերի, հանդիպումների, քննարկումների տեսքով։
 
Հիմնադրումից ի վեր Եվրոպայի խորհուրդը մշակել և ընդունել է ավելի քան 160 կոնվենցիա, պետություններին և կառավարություններին ուղղված բազմաթիվ հանձնարարականներ։ Եվրոպական միասնության գաղափարն առաջինը ձևակերպել է Ու. Չերչիլը Ցյուրիխում 1946 թվականի սեպտեմբերի 19-ի ելույթի ժամանակ. «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպես հրաշք, տարիների ընթացքում ողջ Եվրոպան կդարձնի նույնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրվա Շվեյցարիան է։ Պետք է կառուցենք Եվրոպայի Միացյալ Նահանգների նման մի բան»:
 
1948 թվականին Հաագայում «Հանուն եվրոպական միասնության» միջազգային կոմիտեների շարժման հրավերով անցկացվում է Եվրոպական համաժողով 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովի պատվիրակները համակարծիք էին, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ճշմարիտ արժեքներ են, որոնց պահպանման համար պետք է պաշտպանություն միավորվել։ Սակայն վիճաբանության առիթ են դառնում միավորման ուղիները։ Ֆրանսիան և Բելգիան առաջարկում են ստեղծել համադաշնություն, ըստ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների՝ անհրաժեշտ էր պարզապես միջկառավարական համաձայնագրեր ստորագրել։
 
Այսպիսով, որոշվում է հիմնել կազմակերպություն`   բաղկացած Նախարարների խորհրդից (եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներից) և ազգային կառավարություններից անկախ և միաժամանակ իշխանական լիազորություններից զուրկ Խորհրդարանական վեհաժողովից։ 1949թ. մայիսի 5-ին Արևմտյան Եվրոպայի 10 երկրներ`   Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան Լոնդոնում ստորագրում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությունը:
 
Վերջինի առաջին գլուխը հռչակում է՝ «Եվրոպայի խորհրդի խնդիրը անդամ-երկրների ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարներն ու սկզբունքները պաշտպանելու և իրագործելու, ինչպես և նրանց սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով երկրների միջև առավել մեծ համերաշխության ձեռքբերումն է»։  ԵԽ ներկայացուցիչների առաջին նստաշրջանը տեղի է ունեցել Ստրասբուրգում, որն այնուհետև վերածվել է կազմակերպության պաշտոնական նստավայրի։ 1949թ. ԵԽ-ն դեռևս չուներ իրեն հատկացված շինություն, ուստի նիստը հրավիրվում է տեղի համալսարանում։
 
ԵԽ-ն համաեվրոպական առաջին կազմակերպությունն է, որի ձևավորումից առաջ Հին աշխարհի երկրները միավորվում էին միայն ռազմական կամ քաղաքական դաշինքներում։ Կազմակերպության ընդունած առաջին փաստաթուղթը Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան է, որը ստորագրվել է 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում և ուժի մեջ մտել 1953թ. սեպտեմբերի 3-ին։ ԵԽ անդամների միջև հավասարության սկզբունքը, անկախ պետությունների տնտեսական հզորությունից և տարածքից՝ ԵԽ-ի հիմք է դառնում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: