Հանրագիտարան

Իրավաբանորեն ամրագրվեց Եվրոպական միությունը

Եվրոպական Միությունը միջկառավարական և վերազգային կազմավորում է, որը հիմնվել է 1992թ. և իրավաբանորեն հաստատվել 1993թ.-ի նոյեմբերի 1-ին Եվրոպական Միության մասին Պայմանագրով (Մաաստրիխտի պայմանագիր):
Եվրոպական Միության և դրա իրավական համակարգի ձևավորումն իրականացվել է աստիճանաբար: Այդ գործընթացն սկսվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին, երբ ստեղծվեց եվրոպական երեք համայնք՝
 
Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը (EOYC),

Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը (Եվրատոմ),

Եվրոպական տնտեսական համայնքը:

Այս համայնքներն առավելաբար տնտեսական իրավասության ինտեգրման միավորումներ էին (ընդհանուր շուկա, ընդհանուր հողային, հակամենաշնորհային, առևտրային քաղաքականություն և այլն): Եվրոպական միության կազմը ձևավորվել է աստիճանաբար:
 
Առաջին մասնակիցները եղել են Արևմտյան Եվրոպայի 6 երկրները՝ Բելգիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆրանսիան: Ահավասիկ այս կազմով էլ XX դարի 50-60-ական թվականներին գործում էին համայնքները:
 
Համայնքների առաջին ընդլայնումը տեղի ունեցավ 70-ական թվականներին: 1973թ.-ին համայնքներին միացան Մեծ Բրիտանիան, Դանիան և Իռանդիան: 1981թ.-ին կազմի մեջ մտավ Հունաստանը, 1986թ.-ին՝ Իսպանիան և Պորտուգալիան:
 
Համայնքների անդամ երկրների թիվը հասավ 12-ի: Վերը հիշատակված 12 երկրների ներկայացուցիչները 1992թ. ստորագրեցին պայմանագիր «Եվրոպական Միության» մասին, որը գործողության մեջ մտավ հաջորդ տարի:
 
Մաաստրիխտի պայմանագիրը երեք համայնքներին միանալու հատուկ ընթացակարգերը (ԱՊԵՀ-ի պայմանագրի 98-րդ հոդված, Եվրոպական Տնտեսական համայնքի պայմանագրի 237-րդ հոդված, Ատոմային Էներգիայի եվրոպական համայնքի պայմանագրի 205-րդ հոդված) փոխարինեց Եվրոպական Միությանը միանալու մեկ միասնական ընթացակարգով:
 
Երեք պայմանագրերը նախատեսում էին, որ անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունն իր խնդրանքը ներկայացնում է Խորհրդին, որը նախքան իր դիրքորոշումն արտահայտելը, պարտադիր կերպով պետք է ստանար Հանձնաժողովի կարծիքը:
 
Հետագայում ընթացակարգն էապես փոխվեց: Եվրոպական Միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ «Եվրոպական ցանկացած պետություն կարող է դիմել և դառնալ Եվրոպական Միության անդամ: Նա իր խնդրանքը ներկայացնում է Խորհրդին, որն արտահայտվում է միաձայն Հանձնաժողովի հետ խորհրդակցելուց և Եվրոպական Խորհրդարանի համապատասխան կարծիքն ստանալուց հետո»:
 
Հայաստանը Եվրոպական Միության հարևանության քաղաքականության մասնակից է: Համապատասխան գործընկերության և համագործակցության համաձայնագիրն ստորագրվել է 1999թ. հունիսին, գործողությունների ծրագիրը՝ 2006թ.-ի նոյեմբերի 13-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: