Հանրագիտարան

Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ն

Գարեգին Բ-ն (ավազանի անունը՝ Կտրիճ) 1971թ. ավարտել է Սբ. Էջմիածնի հոգևոր ճեմարանը, ապա ծառայել ճեմարանում որպես տեսչի օգնական, դասավանդել Նոր կտակարան: 1972թ. ձեռնադրվել և օծվել է կուսակրոն քահանա: Նույն թվականին մեկնել է Վիեննա`   համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում սովորելու: 1975թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ և աստվածաբանական ուսումը շարունակել Բոննի համալսարանում:
1979թ. սովորել է Ռուս ուղղափառ եկեղեցու Զագորսկի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980թ. նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ.-ի ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ, հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս:
 
1990թ.-ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, 1992թ. ստացել է արքության պատիվ, 1998թ. նշանակվել  է կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: 1990թ. Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնել է Վազգենյան հոգևոր դպրանոցը (Սևանի թերակղզում), Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը:
 
1992թ. նրա ջանքերով Երևանի 3 պիոներական պալատ վերակազմավորվել է որպես հայորդաց տուն, որտեղ բազմաթիվ երեխաներ հոգևոր-գեղագիտական կրթություն են ստանում: 1999թ. Մայր աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը հիմնվել է Գարեգին Ա-ի անվան աստվածաբանական հայագիտական կենտրոն:
 
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Գագեգին Բ Ներսիսյանն ընտրվել է Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոս և օծվել նոյեմբերի 4-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: